25.11.2024
Կտրուկ հետընթաց Doing Business-ում. կառավարությունը ձեւավորում է հանձնաժողով
prev Նախորդ նորություն

Որպես անվտանգության երաշխավոր Սերժ Սարգսյանն անփոխարինելի է. վարչապետը համաձայն է

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ 2018-ից հետո վարչապետի հարցով իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպման, եւ համաձայնություն ձեռք բերելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին:


Լրագրողի հարցին, թե շատ է քննարկվում հարցը, որ համաձայնություն եք ձեռք բերել Սերժ Սարգսյանի հետ, եւ համաձայնել եք լինել փոխվարչապետ 2018 թվականի ապրիլից հետո, վարչապետը պատասխանեց. «Այդ հարցին բազմիցս պատասխանել եմ: Ընդ որում՝ դուք հարցը տալու ժամանակ պատասխանն էլ եք ակնկալում: Այսօրվա մեր իրավիճակում, ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն առաջարկելու է վարչապետի թեկնածությունը կոալիցիոն գործընկերոջ հետ համատեղ: Նման քննարկումներ մենք չենք ունեցել: Այդ իսկ պատճառով որեւիցե պայմանավորվածության մասին խոսելն ուղղակի ապարդյուն է»:


«Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի վարկանիշերին եւ հայտանիշերին, որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար եւ ես այդ պնդումների հետ համաձայն եմ»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե համաձա՞յն եք, որ որպես անվտանգության երաշխավոր ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանին փոխարինող չկա:


Ճշտող հարցին, թե դուք ի՞նչ նպատակներ ունեք, Կարեն Կարապետյանն առաջարկեց 2018 թվականի վարչապետի հարցին վերջին անգամ պատասխանել եւ վերջակետ դնել. «Ես հստակ հայտարարել եմ, որ պատրաստ եմ, ճի՞շտ է: Հիշո՞ւմ եք, իմ աշխատանքը շարունակում եմ՝ ինչքան որ կարողություն ունեմ այդ աշխատանքին տրամադրելով: Ի՞նչ եմ ուզում անել, կարող է մի քիչ ամպագոռգոռ հնչի, դրա համար նախապես ներողություն եմ խնդրում, առանձնապես նման բառապաշար չեմ օգտագործում՝ ծառայել մեր երկրին: Ես վստահ եմ, որ մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ, տրամաբանական զարգացող»:


Թե ինչ որոշում կկայացնի ՀՀԿ-ն, Կարեն Կարապետյանը գտնում է, որ պարզ ձեւակերպված է Սահմանադրությունում, թե ինչպես է վարչապետը նշանակվելու: