25.11.2024
ԵԱՏՄ անդամակցությունից սպասելիքները մեծ էին, բայց արդյունքն ակնհայտ է. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

ՀՀ-ԵՄ համաձայնագրում ԵԱՏՄ-ին հակասող որևէ բան չկա. նախագահ

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, ըստ էության, Եվրամիության հետ համագործակցության խորացում է ենթադրում: Առաջին հերթին՝ մեր հասարակության արդիականացում՝ էֆեկտիվ կառավարում, մարդու իրավունքներ և տնտեսությանը գրեթե չի առնչվում: Այս մասին Business FM-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  


«Ես ասում եմ «գրեթե», քանի որ դրանում, իրականում, կա մի դրույթ, համաձայն որի նոր համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չեն կարող հակասել նախկինում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին: Չեն կարող հակասել ինտեգրացիոն այլ միավորումների: Մեր երկրում գործելու են այն օրենքները, այլ պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք մենք ստորագրում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Չէ որ շոշափելի տարբերություն չկա: Ռուսաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, մենք նույնպես, Ղազախստանն ու Ղրղզստանը՝ ևս: Ի վերջո, ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն կգա նրան, որ կգործի ԱՀԿ կանոններով և այլն... Բայց ԵԱՏՄ-ին հակասող որևէ բան չկա»,- ընդգծել է ՀՀ նախագահը:


Անդրադառնալով ԵԱՏՄ ընդհանուր մաքսային քաղաքականությանը, երկրի ղեկավարն ասել է, որ ՌԴ-ն և ՀՀ-ն տարբեր երկրներ են՝ տարբեր հնարավորություններով, հետևաբար՝ հնարավոր է, որ առաջանան ընդհանուր քաղաքականության հետ կապված հակասություններ:


«Մյուս կողմից, եթե դու ցանկանում ես օգտվել մեծ շուկայի առավելություններից, դու պետք է ինչ-որ տեղ գնաս զիջումների, բայց այդ ամենը ժամանակավոր երևույթներ են: Ես կարծում եմ, որ ի վերջո մենք կհասնենք սակագների այն մակարդակին, որոնք ունենք ԱՀԿ-ի հետ: Կրկնում եմ՝ Ռուսաստանն ԱՀԿ անդամ է, մենք՝ նույնպես: Այո, մեր երկրներից յուրաքանչյուրը տարբեր ժամանակներում տարբեր սակագներ է ստացել, բայց միևնույն է՝ դա խոչընդոտ չի լինի տնտեսության զարգացման համար: Եվ՝ այդ ամբողջ համալիրից օգուտն ավելի շատ է, քան առանձին հարցերից կրած վնասը»,- հավելել է Սերժ Սարգսյանը: