Խոսել այն մասին, թե որքանով էր ճիշտ Հայաստանի ընտրությունը՝ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը պետք չէ, քանզի այդ մասին խոսում են արդյունքներ: Այս մասին Business FM-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք ճիշտ ընտրություն ենք կատարել, առաջին արդյունքները տեսանելի են: Նախ, 2016 թվականից սկսած Հայաստանում տնտեսական իրավիճակը կայունացել է, թեև փոքր, բայց աճ ենք արձանագրել: Այս տարբա ութ ամիսների կտրվածքով մենք ունենք ՀՆԱ շուրջ 5% աճ: Անցած տարի արձանագրել ենք արտահանման աճ ինչպես ՌԴ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ և նախորդ տարվա յոթ ամիսների ցուցանիշի համեմատ այս տարի արդեն աճը ավելի քան 34% է կազմել: Երրորդ երկրների հետ առևտրաշրջանառության աճը կազմել է ավելի քան 25%»,- նշել է երկրի ղեկավարը:
Հարցին, թե հատկապես ո՞ր ոլորտներն են ակտիվ զարգանում ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ, նախագահը, նախ, նշել է գյուղատնտեսությունը: Սերժ Սարգսյանը մատնացույց է արել նաև արդյունաբերական կոոպերացիան:
«Մենք վստահ ենք, որ մեքենաշինության ռադիոէլեկտրոնիակի, սարքավորումների արտադրության մեջ մենք կարող ենք համատեղ արտադրել մրցունակ արտադրանք: Կա նման հնարավորություն: Եվ մենք արդեն ասում ենք, որ զբաղվում ենք այդ հարցով մեր ռուս գործընկերների հետ միասին: Վերջերս այստեղ էր պարոն Մանտուրովը, մենք զրուցել ենք այս թեմայով և մենք ցանկանում ենք օգտագործել մեր մրցունակության առավելությունը: Այն իմաստով, որ հայերի 2/3-ը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս և նրանք հեշտությամբ ինտեգրվում են այլ պետությունների հասարակություններում, հասնում հաջողությունների, այդ թվում նաև արդյունաբերությունում: Եվ մենք կօգտագործենք մրցունակության այդ հնարավորությունը: Մեր պետության տարածքում ստեղծում ենք համատեղ ձեռնարկություններ, հետագայում, հնարավոր է, այդ ձեռնարկությունների կոոպերացիան ռուսական ընկերությունների հետ: Այստեղ մեծ ներուժ կա, օգտագործելու ենք այդ հսկայական պոտենցիալը»,- նշել է նախագահ Սարգսյանը:
Ամփոփելով ԵԱՏՄ-ում երկու տարիները, Սերժ Սարգսյանը նշել է, որ սպասելիքները մեծ էին ու թեև այն իրավիճակը, որ ձևավորվեց համաշխարհային տնտեսության մեջ, ռուսաստանյան տնտեսությունում, նվազեցրեց ԵԱՏՄ-ի անդամակցության կանխատեսվող արդյունքը, այդուհանդերձ այն ակնհայտ է: Բացի այդ, ռուսական ռուբլու արժեզրկումը նվազեցրեց Հայաստանի եկամուտները, իսկ ռուբլու կայունությունն ամենակարևոր գործոնն է.
«Այն հանդիսանում է մեր գյուղատնտեսական արտադրանքի սպառման երաշխիքը, քանզի պայմանագրերը միշտ չէ, որ ռուբլով են կնքվում, այլ նաև դրամով: Եվ ռուբլը, և դրամը կապված են դոլարի հետ: Մենք փոքր տնտեսություն ունենք և, գուցե, ավելի հեշտ է լուծել այդ խնդիրները: Եթե մենք կարողանանք առաջիկայում մոտեցնել մեր արտահանման և ներկրման ցուցանիշները, ապա դա կբերի որոշակի հավասարակշռության և մեզ մոտ միշտ կայուն կլինի: Բայց դրա համար հարկ է մեծ ջանքեր գործադրել»,- հավելել է նա: