Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն ԱՄՆ ձեռքի գործն է. Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբ
Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն ԱՄՆ ձեռքի գործն է։ Նման կարծիք է հայտնել Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմեդ Հոսեյն Բաքերին, փոխանցում է Tasnim-ը։
Բաքերիի խոսքով՝ ԱՄՆ գաղտնի թիմը Քուրդիստանի իշխանություններին հրահրել է անկախության հանրաքվե անցկացնել՝ չնայած, որ Վաշինգթոնը, իբր, դեմ է եղել։ «ԱՄՆ-ը գաղտնի խորհրդատվական թիմի միջոցով տարածաշրջանի առաջնորդներին հրահրել է հանրաքվե անցկացնել․․․ որպեսզի ավելի ուշ դա ներկայացնի որպես եղած փաստ եւ ընդունի հանրաքվեի արդյունքները»,- ասել է նա։
Բաքերին նաեւ վստահ է, որ Վաշինգթոնը ձեւացրել է, թե դեմ է այդ հանրաքվեին, սակայն իրաքցի ժողովրդի, կրոնական եւ քաղաքական առաջնորդների զգոնությունը կարողացավ չեղարկել հանրաքվեի արդյունքները, իսկ հետո Բաղդադը, առանց որեւէ պատերազմի եւ արյունահեղության, կարողացավ իր վերահսկողության տակ վերցնել քրդական տարածքները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդստանը անկախության հանրաքվե էր անցկացրել, որի արդյունքում 93 տոկոսը կողմ էր արտահայտվել անկախությանը։ Դրանից հետո Իրաքը զորքեր էր մտցրել նավթով հարուստ Քիրքուք եւ իր վերհսկողությունը հաստատել այնտեղ։ Ստեղծված ճգնաժամի պայմաններում Էրբիլը հայտարարել էր, որ սառեցնում է հանրաքվեի արդյունքները, մինչեւ Բաղդադի հետ բանակցությունների ավարտը։