25.11.2024
Էրդողան. Ոչ թե Թուրքիան ունի Եվրոպայի կարիքը, այլ Եվրոպան`Թուրքիայի
prev Նախորդ նորություն

Գերմանիաի ԱԳ հնարավոր նախարար Ջեմ Էզդեմիրը դեմ է Գերմանիայի «էրդողանացմանը»

Գերմանիաի ԱԳ հնարավոր նախարար Ջեմ Էզդեմիրը սարսափելի երազ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար, նշում է բուլղարական «168 ժամ» պարբերականը:

Գերմանացի բոլոր քաղաքական գործիչներից Էզդեմիրին Թուրքիայում ամենից շատ են ատում, նշված է պարբերականում: Վերջին տարիների իր գրեթե բոլոր հարցազրույցներում Էզդեմիրը հրապարակաին վիրավորում է Էրդողանին՝ նրան բռնապետ եւ առեւանգող անվանելով՝ քաղաքական դրդապատճառներով Գերմանիայի քաղաքացիներին կալանավորելու պատճառով: Դրանից զատ, ավելի հավանական է դառնում սցենարը, որ Անգելա Մերկելի նոր կառավարության կազմում ԱԳ նախարար կդառնա հենց Էզդեմիրը:

«Էրդողանը ոչ թե նախագահ է, այլ առեւանգող: Իրադրությունն այնքան լուրջ է, որ ես ոչ մի մարդու հանգիստ խղճով չեմ կարող ասել, որ նա Թուրքիայում անվտանգության մեջ կլինի: Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել Գերմանիայում թուրքական մզկիթներ ֆինանսական հոսքը: Մենք այլեւս չենք կարող հանգիստ հետեւել, թե Էրդողանն ինչպես է փորձում Թուրքիայում զուգահեռ հասարակություն ստեղծել»,- ասել է Էզդեմիրը վերջին հարցազրույցներից մեկում:

Եթե Էզդեմիրը նախարար դառնա, ապա կլինի Գերմանիայում առաջին ներգաղթյալ ԱԳ նախարարը: Նրա հայրը թուրք չերքեզներից սերող արտագնա աշխատող է եղել: Նա կնոջ հետ Բադեն Վյուրտեմբերգի դաշնային հողեր է եկել 60-ական թվականների սկզբին:

Վերջին տարիներին Էզդեմիրը մի քանի անգամ ոստիկանական անհատական հսկողությամբ է ապրել մահվան սպառնալիքների պատճառով, որ հետեւել են Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, որի նախաձեռնողներից մեկն Էզդեմիրն է:

Էզդեմիրը «Կանաչների» շարքեր է ընդունվել դեռեւս 16 տարեկանում: 1994 թվականին նա Բունդեսթագ է ընտրվել, որտեղ մտել է «Կանաչների» արտաքին քաղաքականության քննադատության «ծանր հրետանու» կազմ:
2002 թվականին նա անսպասելի հայտնվել է PR խորհրդատու Մորից Հունցինգերից ստացած 80 հազար եվրո փոխառությանն առնչվող սկանդալի կենտրոնում, որից հետո հրաժարվել է ե՛ւ խմբակցության խոսնակի պաշտոնից, ե՛ւ պատգամավորական մանդատից:

«Կանաչները» 2 տարի հետո նրան նոր հնարավորություն են ընձեռել: Նա առաջադրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր, որտեղ աշխատել է մինչեւ 2009 թվականը եւ դարձել է ԵՄ արտաքին քաղաքականության մեջ «Կանաչների» դիրքորոշման պաշտպաններից մեկը:

2008 թվականին Էզդեմիրն առաջադրվել է կուսակցության առաջնորդի պաշտոնի համար Ռայնհարդ Բյուտիկոֆերի հեռանալուց հետո: Ձայների 75 տոկոսը ստանալով՝ նա Կլաուդիա Ռոտի հետ դարձել է կուսակցության համանախագահը:

Հիմա Էզդեմիրը 51 տարեկան է: Նա հիշում է, թե դպրոցում ինչպես էին իրեն ստիպում Պորտուգալիայից մեկ այլ միգրանտի հետ նստել վերջին նստարանին: Երբ նա 4-րդ դասարանում էր, ուսուցիչը հարցրել է՝ ով է ցանկանում ուսումը շարունակել վարժարանում, Էզդեմիրը ձեռք է բարձրացրել: Ուսուցիչն ու համադասարանցիները սկսել են բարձր ծիծաղել: «Սա ես երբեք չեմ մոռանա»,- մի անգամ խոստովանել է Էզդեմիրը:

Նա վարժարան չի գնացել, հայտնվել է ուսումնարանում՝ դառնալով սոցիալական մանկավարժ: Հիշում է, որ երբ համակուրսեցիները արձակուրդի ժամանակ դետեկտիվ վեպեր էին ընթերցում, ինքն ամեն տեղ իր հետ «Ֆաուստն» էր տանում:

Նա գերմանական անձնագիր է ստացել 1983 թվականին եւ տեղական երիտասարդական կենտրոնում դաստիարակ է աշխատել, ինչպես նաեւ ազատ լրագրող: Նա իրեն «աշխարհիկ մուսուլման» է համարում: Ամուսնացել է արգենտինական ծագմամբ լագրողի հետ եւ 2 երեխա ունի: