25.11.2024
ՄԱԿ-ի կանխատեսումն ու Սերժ Սարգսյանի խոստումը. որքա՞ն կլինի ՀՀ-ը բնակչությունը 2040 թ-ին
prev Նախորդ նորություն

«Մենք գտել ենք օպտիմալ միջանցքը». նախարարը՝ ԵԱՏՄ անդամակցության ու ԵՄ-ի հետ կապերի մասին

Վաշինգտոնում անցած Համաշխարհային բանկի եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակությունը մի շարք կարեւոր հանդիպումներ է անցկացրել, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը.


«Խոսակցությունը գնում էր այն մասին, թե ինչպես ներդրումների եւ բարեփոխումների միջոցով բարձրացնել արտադրողականությունը եւ տնտեսական մրցակցությունը»:


Գաբրիելյանի խոսքով, նախագծերն առնչվում են Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին՝ գյուղատնտեսությունից մինչեւ առողջապահություն, կրթությունից մինչեւ ենթակառուցվածքների զարգացում. «Համաշխարհային բանկը մեր բոլոր դոնորներից ամենախոշորն է, թե՛ ընդգրկվածությամբ, թե՛ ոլորտների շրջանակով եւ թե՛ տարիների ընթացքում հատկացված գումարի չափով»:


Փոխվարչապետի խոսքով, Հայաստանի իշխանությունները նախատեսում են Համաշխարհային բանկի օգնությամբ, գյուղական ճանապարհները կապելով խոշոր մայրուղիներին՝ հեշտացնել գյուղական ապրանքների առաքումը: Նոր ծրագրերը ենթադրում են ոչ միայն առարկայական ներդրումներ, նշում է փոխվարչապետը. «Դրանք ենթադրում են որոշակի քաղաքականություն, ռեֆորմների իրականացում, որոնք օգնում են տնտեսական աճին, օգնում են առավել արագ տեմպերով զարգացնել արտահանումը, տնտեսական աճը ներառական դարձնել»:


Անդրադառնալով բարեփոխումների իրականացմանը, Վաչե Գաբրիելյանն ընդգծեց նաեւ, որ չնայած ԵԱՏՄ-ին անդամակցությանը, Հայաստանը պատրաստակամ է Եվրամիության հետ նոր համաձայնագիր կնքել.


«Ի տարբերություն նախորդի, սա առեւտրային համաձայնագիր չէ, քանի որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Շրջանակը, որով մենք Եվրամիության հետ համագործակցում ենք, մնում է շատ լայն եւ բազմաթիվ տնտեսական հարաբերություններ, որոնք չեն կարգավորվում Եվրասիական տնտեսական միության համաձայնագրով, կրկին մնում են մեր եւ Եվրամիության օրակարգում»:


Հայաստանի փոխվարչապետի խոսքով, ԵԱՏՄ-ի անդամակցությունը Երեւանի վրա որոշակի սահմանափակումներ է դնում, սակայն այն չի խանգարում Եվրոպայի հետ լիարժեք համագործակցությանը. «Կարծում ենք, որ մենք գտել ենք այն օպտիմալ միջանցքը, որում մենք կարող ենք հարաբերվել բոլոր մեր առեւտրային եւ քաղաքական գործընկերների հետ»:


Վաշինգտոնից Վաչե Գաբրիելյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Սան Ֆրանցիսկո, որտեղ Կալիֆոռնիայի նահանգային մարմինների հետ քննարկվելու են Հայաստանի Հանրապետության եւ տնտեսական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար Կալիֆոռնիա նահանգի հետ տնտեսական հարաբերությունների սերտացման հեռանկարներ: