Հայաստանում 2040 թ-ին 4 մլն բնակչություն ունենալու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հայտարարությունը ժողովրդագրական ու միգրացիոն ներկայիս միտումների պահպանման դեպքում շատ դժվար հասանելի նպատակ է: Այս մասին «Հոդված 3» ակումբում հոկտեմբերի 17-ին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Նա ներկայացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը կներկայացնի «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը, որը վերնագրված է «Անջատ աշխարհներ․ վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարության դարում»:
Լավագույն դեպքում 2,5 մլն. մարդ
Նրա խոսքով, ներկայիս տնտեսական ու դեմոգրաֆիական միտումների պահպանման պարագայում Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, 2035 թ-ին բնակչությունը կնվազի մինչեւ 2,5 մլն. մարդ: Այժմ ըստ պաշտոական տվյալների ՀՀ-ում բնակչության թիվը հասնում է շուրջ 3 մլն-ի: Վերջերս Սերժ Սարգսյանի մակարդակով արտագաղթը հայտարարվեց որպես «շատ վտանգավոր միտում», իսկ 2040 թ-ին երկրում 4 մլն բնակչություն ունենալը դրվեց որպես նպատակ:
Հատկանշական է, որ Սարգսյանի նախագահության ինը տարիների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից արտագաղթել է ավելի քան 300 հազար մարդ: Սա առկա բնակչության 10 տոկոսից ավելի է, իսկ պատմական համատեքստում, տարբեր աղբյուրների հիշատակմամբ, մոտավորապես նույնքան մարդ Շահ Աբասը 1600 թթ.-ի սկզբին Հայաստանից տեղահանվեց դեպի Պարսկաստան կամ շուրջ այդքան հայերի Օսմանյան Կայսությունում կոտորեցին սուլթան Աբդուլ Համիդի իշխանության օրոք:
Ընդ որում, վերջին տաս տարիներին ամենամեծ ծավալի արտագաղթը ՀՀ-ից, ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցվել է անցնող 2016 թվականին՝ 48.200 մարդ: Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2017-ի տարեսկզբին 2016թ հունվարի 1-ի համեմատ նվազել է 0.4 %-ով կամ 12.1 հազ.մարդով, ինչը ձեւավորվել է 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում արձանագրված բնական հավելաճի (12.5 հազ. մարդ) եւ միգրացիայի գնահատված մնացորդի (-24.6 հազ. մարդ) ցուցանիշների տարբերության հաշվին:
Սերժ Սարգսյանը ընդամենը 6 տարի առաջ՝ 2011 թվականի հուլիսի 20-ին ժողովրդագրական հարցերով իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, հայտաարարեց, որ Հայաստանը դատարկվելու մասին պնդումը «անհեթեթ թեզ է»: 2011 թվականին Հայաստանից մեկնածների թիվը պետք է ընդամենը 5 հազարով գերազանցեր վերադարձողների թվին: Այժմ արդեն արտագաղթը դարձել է «խսիտ վտնագավոր միտում»:
Գարիկ Հայրապետյանի խոսքով ՄԱԿ-ն ունի նաեւ լավագույն սցենար Հայաստանի համար, սակայն դրա համար պետք է սկզբունքորեն այլ բարվոք պայմաններ ապահովել: «Լավագույն սցենարի պարագայում Հայաստանում բնակչությունը 2035 թ-ին կարող է կազմել 3,2 մլն մարդ, ինչին հասնելու համար անհրաժեշտ է շատ մեծ աշխատանք տանել, թե տնտեսական վիճակի բարելավման, ներգաղթի ապահովման ու ծնելիության մակարդակի բարձրացման ուղղությամբ», - ասաց նա ու հավելեց, որ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է:
«Օրինակ՝ Եվրոպայում դա հաջողվեց անել սկանդինավյան պետություններին ու Ֆրանսիային: Սակայն այնտեղ ոչ թե ուղղակի փողի միջոցով խրախուսեցին ծնելիությունը, այլ գնացին ուրիշ ճանապարհով: Նրանք այնպես արեցին, որ կինը չվախենա ծննդաբերելուց, որ կարող է կորցնել աշխատանքը, կարիերան տուժել եւ այլն», - նշեց նա:
Եկամտային անհավասարության խնդիրը
Շարունակելով ներկայացնել «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը՝ հայրապետյանը նշեց, որ եկամտային անհավասարության առումով աշխարհի 25 ամենահավասար երկրներից տասն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում են, որոնց թվում է նաև Հայաստանը։
Զեկույցն ընդհանրապես անդրադառնում է անհավասարության դրսևորումներին և ազդեցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մայրական մահացությունը, հղիների խնամքը, եկամուտների բաշխվածությունը բնակչության և սեռերի միջև, աշխատանքի և կրթության կարևորությունը տղամարդկանց և կանանց համար և այլն: Զեկույցի բացահայտումները ներկայացվեցին ինչպես համաշխարհային և տարածաշրջանային, այնպես էլ հայաստանյան դիտանկյուններից: Այս անգամ Հայաստանը զեկույցում ներկայացված է նաև հաջողության պատմությամբ:
«Հայաստանը մի շարք ցուցանիշներով առաջատարն է։ Օրինակ` Հայաստանը 2008-ին գրեթե կրկնակի ավելացրեց մայրական խնամքին ուղղվող հատկացումները և ներդրեց ծննդօգնության պետական հավաստագրեր՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ։ Արդյունքում` հղիների բոլոր եկամտային խմբերի համար մեծապես վերացավ անհավասարությունը։ 2008-2012 թվականների տվյալներով` Հայաստանն աշխարհում առաջատարն է, իսկ մենք գիտենք, որ նույն բարեփոխումը շարունակվում է նաև 2012-ից հետո մինչ այժմ»,-ասաց Հայրապետյանը։
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԱ) տարածաշրջանում եկամտային անհավասարությունն ամենամեծն է Թուրքիայում։ Աշխարհում ամենամեծ տնտեսական անհավասարությունը Հարավային Աֆրիկայում է, ամենափոքրն՝ Ուկրաինայում։
Ինչ վերաբերում է կանանց և տղամարդկանց աշխատավարձերի անհավասարությանը` Հայրապետյանն ասաց, որ կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև ճեղքվածք կա ամբողջ աշխարհում՝ ի վնաս կանանց. «Հայաստանում այդ տարբերությունը կազմում է 36%։ ԱԵԿԱ տարածաշրջանում դրությունն ամենալավը Սլովենիայում է, ամենավատը՝ Թուրքիայում»։
Տղամարդկան ու կանանց կրթության խնդիրը
Տղամարդկանց և կանանց կրթության և աշխատանքի իրավունքների մասով, Հայրապետյանի խոսքով, տարածաշրջանում ամենավատ իրավիճակն Ադրբեջանում է: Հայաստանում ու Վրաստանում վիճակը գրեթե նույնն է: «Մեկ տարբերություն կա. կանանց կրթություն ունենալու ցուցանիշն ավելի բարձր է, բայց աշխատանքային իրավունքն այդքան էլ բարձր չէ», - ասաց նա՝ ենթադրելով, որ մարդիկ ՀՀ-ում կարեւորում են կանանաց կրթություն ունենալու հանգամանքը, քանի որ գործում է ԽՍՀՄ-ից մնացած ավանդույթի ուժը։ «Կանանց պարագայում դիպլոմն այն ժամանակ դիտարկվում էր որպես օժիտի կարեւորագույն բաղկացուցիչ», - հիշեցրեց նա:
Բանախոսն ասաց, որ զեկույցում տվյալներ են ներառված նաև դեռահասների հղիության վերաբերյալ: «Տարածաշրջանում վաղ տարիքում ծննդաբերությունների առումով առաջատարն Ադրբեջանն է։ 1000 15-19 տարեկան կնոջ հաշվով Ադրբեջանում 62 դեռահաս է ծննդաբերել, Հայաստանում այդ ցուցանիշը 23 է: Այսինքն՝ Ադրբեջանում այս ցուցնիաշում շուրջ երեք անգամ ավելի բարձր է»։
Մայրական մահացության վերաբերյալ Հայրապետյանն ասաց, որ Հայաստանն այստեղ առաջատար չէ: «Տարածաշրջանում ամենաբարձրը Ղրղըզստանում է, ամենացածրը՝ Բելառուսում, Հայաստանում 100 հզր կնոջ հաշվով գրանցվել է մայրական մահացության 19 դեպք 2013-2015թթ», - ասաց Հայրապետյանը։