Արդեն նորություն չէ այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը միջազգային ցանկացած հարթակ օգտագործում է հայկական կողմի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար: Հոկտեմբերի 6-9 Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանն այս իմաստով բացառություն չի հանդիսացել, բայց այս անգամ հակահայկական հռետորաբանության թիրախում հայտնվել է Ռուսաստանը:
«Ադրբեջանի պատվիրակը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին արտոնյալ պայմաններով` վարկային միջոցների հաշվին, զենք է տրամադրում: Իսկ քանի որ ՌԴ-ն չի մասնակցում այս վեհաժողովի աշխատանքներին, Ադրբեջանի նպատակն էր ցույց տալ ՌԴ-ի բացասական դերակատարումը ղարաբաղյան կոնֆլիկտում՝ այդ նպատակով ՆԱՏՕ ԽՎ-ն որպես հակառուսական պլատֆորմ վերածելով»,- լրագրողների հետ հանցիպմանը հայտարարեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է տանել հակառուսական գիծ ընդդեմ Հայաստանի, բայց դա մանր ժուլիկության է նման, քանի որ արվում է Ռուսաստանի թիկունքում: Ի վերջո, ընդգծեց պատգամավորը, ռուսական կողմի բացակայության դեպքում նման բաներ ասելը, իսկ հետո «եղբայրական համաձայնագրեր կնքելը» պարզապես ծիծաղելի է և առնվազն ոչ ազնիվ:
«Ի պատասխան ՌԴ կողմից Հայաստանին արտոնյալ պայմաններով զենքի վաճառքի մեղադրանքին հայկական պատվիրակությունը վկայակոչեց այն, որ Ադրբեջանը ՌԴ-ից և մի շարք այլ երկրներից հարձակվողական զենքեր է ձեռք բերում։ Այսպես էլ ավարտվեց հայ-ադրբեջանական երկխոսություն-բանավեճը, որից եվրոպացի պատգամավորները չարձագանքեցին, քանզի ուղղակի հոգնել են այդ բախումներից»,- շեշտես Մարուքյանը:
Եվս մեկ թեմա է արծարծվել, որի թիրախում դարձյալ Ռուսաստանն է եղել և նրա փոխհարաբերությունները Թուրքիայի հետ: Մասնավորապես, մի շարք եվրոպական երկրների պատվիրակներ մտահոգություններ են հնչեցրել եւ անհամաձայնություն են հայտնել Թուրքիայի կողմից ՌԴ-ից C 400 համակարգերի ձեռք բերման հետ կապված: Մինչդեռ այդ ամենին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բավականին չափավոր է արձագանքել։ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի խոսքով՝ Սթոլթենբերգը նշել է, որ յուրաքանչյուր անդամ պետություն ինքն է որոշում, թե ինչպիսի լրացուցիչ միջոցներ պետք է ձեռք բերի։
«Որոշակի դիտարկում եղավ այն մասին, որ C 400 համակարգերը չեն ընդգրկվում ՆԱՏՕ-ի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի մեջ, բայց չկար խորը քննադատություն կապված այդ համակարգերի ձեռքբերման հետ»,- մանրամասնեց Նահապետյանը: