Ցավոք, Սարգսյանը դարձյալ խախտում է բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները: Որոշում էր կայացվել, որ բացի համաձայնեցված րույթներից, այլ հայտարարություններ չեն արվելու: Չնայած խոստմանը՝ նա չի պահել այն: Փաստորեն, բանակցությունները տապալելու ցանկությունը նրա մոտ դեռ առկա է. այս մասին Facebook-յան իր էջում գրառել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը:
ԱՊԱ հաղորդմամբ, նա նշել է, որ Հայաստանի նախագահը «գիտի և թող չմոռանա, որ Լեռնային Ղարաբաղը եղել և կմնա Ադրբեջանի անբաժանելի մաս»:
Մամեդովի հոխորտանքներին արձագանքել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, ով Twitter իր միկրոբլոգում գրառել է հետևյալը. «Բաքվեցի ժամկետանց նոմենկլատուրշիկը նորից բաց թողեց հնարավորությունը լռել ու ի ցույց չդնել իր սահմանափակ լինելը»:
Հիշեցնենք, նախօրեին Ժնևում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Րոպեներ անց Սարգսյանը ներկայացրեց հանդիպման մանրամասները.
«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք:
Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է հանրապետության նախագահը: