Թուրքիայի անդամակցությունն ԵԱՏՄ–ին հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա դուրս գա ԵՄ–ի հետ մաքսային միությունից։ Հակառակ պարագայում, ինչպես հայտնի է, ԱՀԿ–ի կանոնները թույլ չեն տալիս մեկ պետության անդամակցությունը միանգամից երկու մաքսային միություններում։
Այդ մասին հայտարարել է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի հարցերով ՌԴ–ի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, փոխանցում է EADaily–ն։
Նա նշել է, որ մաքսային միությունը`միասնական տնտեսական քաղաքականություն է, միասնական սակագներ, միասնական մաքսային օրենսգիրք`այս պարագայում Թուրքիայի անդամակցությունն ԵԱՏՄ–ին պահանջում է շատ լուրջ քաղաքական որոշումներ։
«Այդ հարցում բոլոր կանխատեսումները կարող են լինել միայն ենթադրությունների կամ ցանկությունների մակարդակում։ Թուրքիան մեծ պետություն է, որը կարևոր դեր է խաղում եվրոպական շուկայում։ Հարցը լուրջ հաշվարկներ է պահանջում։ Այս պահին այդ հարցում չկա անդամ համատեղ հետազոտական խումբ»,–նշել է նա։
Մոսկվայում ու Երևանում մի շարք դիտորդներ կարծում են, որ ԵԱՏՄ–ը կարող է դառնալ լավ հարթակ հայ–թուրքական հաշտեցման, սահմանների բացման համար։ Սակայն ԱՄՆ–ի կողմից առաջ մղվող հաշտեցման գործընթացը հետագայում մտել է փակուղի։ Այս պարագայում հարց է ծագում`ունի արդյոք Մոսկվան գործուն ազդեցության լծակներ կողմերի, մասնավորապես Անկարայի վրա։
«Կարծում եմ, որ դա տնտեսական շահերի գիտակցման հարց է։ Իրոք, ՌԴ–ի և Թուրքիայի միջև հարաբերություններն այս պահին ոչ միայն ջերմացել են, այլ զարգանում են, մենք ունենք համատեղ խոշորածավալ նախագծեր։ Դա և «Հարավային հոսքն» է, Աքքույու ատոմակայանի շինարարությունը, ինչպես նաև С-400 զենիթա–հրթիռային համալիրների հնարավոր առաքումը։ Գրեթե բոլոր ոլորտներում համագործակցության խթանում կա։
Մենք ունենք ԵԱՏՄ–ի անդամ մեկ պետություն, որն ընդհանուր սահման ունի Թուրքիայի հետ։ Այդ պատճառով մեզ համար սահմանի բացումը`կարևոր և սկզբունքային հարց է։ Թուրքիայի հետ համագործակցությունն ընդհանուր մաքսային սահմանի պայմաններում չի կարող նորմալ լինել, եթե մաքսային սահմանը փակի տակ է», – հավելել է Գլազևը։