24.11.2024
Փորձագետ. Ադրբեջանը չի կարող եվրոպական շուկայում մրցակցել Գազպրոմի հետ
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ին Բաքվի միանալու վերջնական որոշումը կախված է Հայաստանից. Պուտինի խորհրդական

«ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միանալու վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Հայաստանից», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եվրասիական ինտեգրացիայի հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը:


«Բարձրաստիճան ռուս պաշտոնյայի հայտարարությունն Ադրբեջանում զարմանք է առաջացրել, քանի որ պաշտոնական Բաքուն նույնիսկ միանշանակ և հստակ դիրքորոշում չի հայտնել ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Ավելին` Ադրբեջանում այդ հարց քննարկողներին ամենաքիչը հետաքրքրում է հարցի մասին Հայաստանի կարծիքը, քանի որ խոսքը տարածաշրջանային ձևաչափով արտաքին քաղաքական ռազմավարական համակարգի ձևավորման մասին է», - գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:


«Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլոր մասնակիցների համար, բայց այս պարագայում որոշումը կախված է Հայաստանից, քանի որ այն կոնսենսուսի հիման վրա է ընդունվում», - հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ ֆորումի և Եվրասիական 2-րդ համաժողովի բացման ժամանակ ասել է նա։
Հայաստանը` որպես ԵԱՏՄ անդամ, կարող է օգտվել վետոյի իրավունքից։


Ընդ որում, Գլազևի խոսքով, հայտարարություններն այն մասին, թե ԵԱՏՄ-ն ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձ է, հիմարություն է, որն առաջին անգամ բարձրաձայնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ «ԵԱՏՄ-ն կառուցվում է առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների վրա և ոչ ավելին։ Սա տնտեսական միավորում է», - ասել է նա։


2015 թ-ի սեպտեմբերին իր հարցազրույցներից մեկում ԵԱՏՄ-ին միանալու հնարավորությունը չէր բացառել նաև այդ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Երբեք մի ասա երբեք», - մասնավորապես նշել էր նա: Մեկ ամիս ավելի ուշ Ադրբեջանի արդյունաբերության ու էկոնոմիկայի փոխնախարար Սևինջ Հասանովան եւս չէր բացառել Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցությունը` նշելով, որ Բաքուն հնարավոր է համարում ձեռնտու միություններին անդամացկությունը:


"Այդ պատճառով մենք նախ և առաջ պետք է վերլուծի նման կազմակերպություններին անդամակցելու դրական և բացասական կողմերը", - ասել էր նա


Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն բավական գրավիչ միություն է շատ երկրների համար, եւ բազմաթիվ երկրներ հայտեր են ներկայացրել այդ միության հետ համագործակցելու համար, բայց Ադրբեջանը նման ցանակություն չի հայտնել։


«Բացի այդ, ԵԱՏՄ-ում բոլոր համաձայնությունների ձեռքբերման համար անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը»,- ասել էր դեսպանը` հավելելով, որ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրեր են ստորագրվել Վիետնամի եւ Սերբիայի հետ, մշակվում են նաեւ նման համաձայնագրեր Իրանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Իսրայելի, Հարավային Կորեայի, Կամբոջայի եւ Սինգապուրի հետ։