Սարգսյանը շնորհավորել է Պուտինի տարեդարձը եւ ցանկացել ՌԴ-ի դերի ամրապնդում աշխարհում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան հոբելյանի առթիվ: Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին:
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր հոբելյանի առթիվ:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և մեծ հաջողություններ դրված նպատակներին հասնելու գործում ՝ ի շահ Ռուսաստանի հետագա զարգացման, նրա քաղաքացիների բարեկեցության բարձրացման և համաշխարհային քաղաքականության մեջ երկրի դերի ամրապնդման:
Կցանկանայի երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության բազմադարյա ավանդույթների վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Հետևողական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է զգալիորեն հարստացնել հայ-ռուսական համագործակցության օրակարգը նոր համատեղ նախաձեռնություններով և նախագծերով, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման հունով:
Մշտապես անկեղծորեն ուրախ եմ Ձեզ հետ հանդիպումների համար, որոնք մեր միջև հաստատված բարեկամական հարաբերությունների շնորհիվ բաց, վստահելի և գործընկերային բնույթ են կրում: Համոզված եմ՝ ակտիվ քաղաքական երկխոսությունը այսուհետ ևս կուղղվի դեպի մեր երկրների միջև կառուցողական համագործակցություն, ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցներում:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և ամենայն բարիք»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: