ՌԴ-ից ՀՀ տարածք հետախուզության կառավարման կետի վերախմբավորում է կատարվել. վարժանքներ
Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ԶՈւ Բաղրամյանի անվան վարժարանում ավարտվել են ՀԱՊԿ «Որոնում 2017» վարժանքները:
Սա «Մարտական եղբայրություն 2017» զորավարժությունների 3 փուլերից առաջինն է: Երկրորդ՝ «Փոխգործակցություն 2017» փուլը նույնպես Հայաստանի տարածքում կանցկացվի՝ հոկտեմբերի 9-13-ը:
Զորավարժությունների մտահղացմամբ՝ հետախուզական ստորաբաժանումը հայտնաբերում եւ ոչնչացնում է երկրի տարածք ներթափանցած հակառակորդի բազան: Զորավարժություններն ընթացել են ուղղաթիռների եւ դեսանտի իջեցման կիրառմամբ: «Որոնում 2017» վարժանքների առաջին մասն անցկացվել է Ռոստովում:
Զորավարժությունների ընթացքում մշակվել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ-երի կառավարման մարմինների եւ հետախուզական ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստեղծվել է հետախուզության կառավարման համատեղ կետ եւ կազմակերպվել է դրա աշխատանքը, ծրագրվել է ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ-երի ուժերի եւ հետախուզության միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության իրադրության սրման դեպքում, առաջադրվել են ՀԱՊԿ անդամ երկրների ենթակայության ուժերի եւ հետախուզության միջոցների ուսումնամարտական խնդիրները եւ իրականացվել է Ռուսաստանի տարածքից Հայաստանի տարածք հետախուզության կառավարման կետի վերախմբավորումը:
Զորավարժության ակտիվ փուլին մասնակցել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը եւ Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի գնահատմամբ՝ զորավարժություններն անցկացվել են մասնագիտական բարձր մակարդակով, կառավարման մարմինները համակարգված են գործել, զորքերը լավ պատրաստություն են ցուցադրել: Զորավարժության նպատակներն իրականացված են:
Վարժանքներին անձնակազմի մոտ 1000 զինծառայող է մասնակցել, մոտ 80 միավոր տեխնիկա եւ 15 միավոր թռչող սարք: