Իրանի եւ Թուրքիայի զինված ուժերը պայմանավորվել են համագործակցության ընդլայնման մասին
Իրանի եւ Թուրքիայի Զինված ուժերը պայմանավորվել են տարբեր ոլորտներում համագործակցության մասին: Պայմանավորվածությունների թվում է Մյանմայում ռոխինջա մուսուլմաններին օգնություն ցույց տալը: Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մուհամմադ Հուսեյնո Բաքերին իր թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հաղորդում է PressTV-ն:
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ ներառյալ համատեղ զորավարժությունների եւ փորձի փոխանակման վերաբերյալ Իրանի եւ Թուրքիայի Զինված ուժերի միջեւ համագործակցության ընդլայնումը: Նրա խոսքով՝ քննարկվել է նաեւ Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն՝ շեշտը դնելով Իրաքի ամբողջականության պահպանման վրա:
Բաքերին հայտարարել է, որ քննարկվել է նաեւ ահաբեկչության դեմ պայքարը, եւ «անհրաժեշտ որոշումներ» են ընդունվել: