«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս դեպքերին: Այստեղ, Լաս Վեգասում, հայ համայնքում բոլորը զգաստ վիճակի մեջ են», - Լաս Վեգասի Սբ. Կիրակոս հայ առաքելական եկեղեցու հովիվ հայր Սասուն վարդապետ Զմրուխտյանը ցնցված է: Եկեղեցու հարեւանությամբ գտնվող Mandalay Bay հյուրանոցի առջեւի տարածքում տեղի ունեցածը Միացյալ Նահանգների պատմության խոշորագույն զանգվածային սպանդն էր, գրում է Ամերիկայի ձայնը:
Ոստիկանության տվյալներով, 64-ամյա ամերիկացի թոշակառու Սթիվեն Փեդոքը 32-րդ հարկում գտնվող հյուրանոցի իր համարի պատուհանից կրակ արձակելով հյուրանոցի առջեւ անցնող համերգին եկածների վրա, սպանել է առնվազն 58 եւ վիրավորել 500-ից ավելի մարդ: Կրակը մարդասպանն արձակում էր ինքնաձիք զենքից, յուրաքանչյուր կրակահերթը՝ 50-100 փամփուշտ: Եւ այսպես 10 անգամ, որից հետո սպանում է ինքն իրեն: Իր համարում ոստիկանները գտնում են 10-ից ավելի զենքեր, այդ թվում՝ հրացաններ:
«Դա իրական չարիքի արարք էր», - Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հազիվ է զսպում զայրույթը՝ կոչ անելով միասնության եւ խնդրելով Աստծուց ուղի ցույց տալ այս բարդ ժամերին: Պատճառների մասին Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն դժվարանում է խոսել. «Ես չեմ կարող հոգեկան հիվանդի գլուխը մտնել»:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հերքում են Դաեշի ահաբեկիչների հայտարարությունը, որոնք, օգտվելով առիթից հայտարարում են, թե իբր Փեդոքը «Իսլամական պետություն» խմբավորման անդամ էր դարձել:
Զոհերի մասին ստույգ տվյալներ դեռեւս չեն հաղորդվում: Հայր Սասունի խոսքով, նախնական չճշտված տեղեկություններով հայեր զոհերի թվում չկան.«Վստահ եմ, հայեր եղած կլինեն այդ հյուրանոցում այս դեպքի ընթացքում, բայց վստահ չենք, որ այս համերգին իրենք ներկա կլինեին, որովհետեւ համերգը հյուրանոցի դիմաց բաց տարածքում է տեղի ունեցել»:
Ողբերգության կապակցությամբ դիմելով համաքաղաքացիներին, նախագահ Թրամփն ընդգծել է, որ ամենադժվար փորձությունների առջեւ Ամերիկան համախմբվում է.«Ողբերգության եւ սարսափի պահերին Ամերիկան միասնական է հանդես գալիս՝ որպես մեկ բռունցք: Մենք դառնում ենք այն կապերին, որոնք միավորում են մեզ՝ մեր հավատքը, մեր ընտանիքը, մեր ընդհանուր արժեքները»:
Այս շաբաթ Միացյալ Նահանգներում բոլոր պետական դրոշները իջեցված են մնալու՝ ի հիշատակ անմեղ զոհերի: ԱՄՆ-ի հայ համայնքը նույնպես կիսում է ընդհանուր ցավը. «Ծրագրում ենք կազմակերպել համայնքային հոգեհանգիստ հինգշաբթի երեկոյան, որպեսզի հայ համայնքը իր մոմավառությամբ եւ հոգեւոր աղոթքով մասնակից լինի այս ցավին եւ վշտին», - ասում է հայր Սասունը: