Լեհաստանն ուրախ է, որ Հայաստանը հաստատակամ է Բրյուսելում նոյեմբերին սպասվող «Արեւելայն գործընկերության» գագաթնաժողովին Եվրամիության հետ համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցում:
«Այս պահին չեմ տեսնում պատճառ, որ այդ համաձայնագիրը չստորագրվի», - Երեւանում սեպտեմբերի 27-ին լրատվամիջցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով փոխնախարար Բարտոշ Չիխոցկին, գրում է armtimes.com-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2013 թ-ի սեպտեմեբերի սկզբին 3,5 տարի բանակցություններից հետո հրաժարվեց Եվրամիության հետ ստորագրել Ասոցիացիայի համաձայնագրը եւ որոշում կայացրեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ):
2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Այնուհանդերձ, ԵՄ խորհուրդը 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարարների մակարդակով անցկացված նիստի ընթացքում Եվրահանձնաժողովին լիազորեց բանակցություններ սկսել Հայաստանի հետ համապարփակ համաձայնագիր կնքելու շուրջ, որը կփոխարինի ԵՄ-ի և Հայաստանի միջև կնքված գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին։
Աչքի առաջ ունենալով 2013 թ-ի նախադեպը՝ պաշտոնական Վարշավան, այնուամենայնիվ, կարծում է, որ այս անգամ «անակնկալներ» չեն լինի: «Ես հենց դրա համար եմ նաեւ Երեւանում: Չեմ տեսնում պատճառ, որ համաձայնագիրը չստորագրվի, սակայն դեռ ժամանակ կա եւ մենք կտեսնենք, թե ինչ կլինի», - ասաց նա:
Հիշեցնենք,որ բոլորովին վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ պաշտոնական Երևանը ծրագրում է նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին, որը, «մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին»:
Բարտոշ Չիխոցկի խոսքով, Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն առավելություններ ստանալուն, այլեւ ցավոտ բարեփոխումներ իրականացնելուն:
«Եվրամիության հետ հարաբերությունները գործընթաց է, որը կարող է մեծ առավելություններ տալ Հայաստանին: Կախված է Հայաստանից, թե որքան առաջ կշարժվի այդ գործընթացում: Սակայն դրանք միայն օգուտներ չեն, Հայաստանը պետք է պատրաստ լինի նաեւ այնպիսի բարեփոխումների անցկացման, որոնք սկզբնական շրջանում կարող են ցավոտ լինել, բայց երկարատեւ հեռանկարում շատ օգտակար են լինելու», - ընդգծեց նա:
Անդրադառնալով հայ-լեհական հարաբերությունների օրակագին՝ Լեհաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարեց, որ դրանք հիմնականում ծավալվում են երեք ոլորտներում՝ գյուղատնտեսություն, պաշտպանություն ու պետական կառավարման համակարգ: «Լեհաստանը գյուղատնտեսական ապրանքների խոշոր արտադրող է: Լեհական ընկերությունները մրցակցում են եվրասիական շուկայում այլ խաղացողների հետ», - ասաց նա:
Պաշտպանության ոլորտում նա նշեց, որ Հայաստանն ու Լեհաստանը կարող են համատեղ արտադրություններ հիմնել եւ ՀՀ-ում նոր աշխատատեղեր ստեղծել: Ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգին, դիվանագետը հիշեցրեց, որ մինեւ վերջերս լեհական «PWPW S.A.» ընկերություն էր արտադրում Հայաստանի քաղաքացիների կենսաչափական անձնագրերը եւ նույնականացման քարտերը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր արտադրող լեհական «PWPW S.A.» ընկերության հետ 2011 թվականին կնքած պայմանագիրը 2016 թ-ին չերկարացվեց: Այժմ հայտարարվել է նոր մրցույց, որը կրկին ձգտում է հաղթել լեհական ընկերությունը:
«Մենք շահագրգռված ենք հաղթել այդ մրցույթում, քանի որ ապահովում ենք լավ որակ ու ցածր գին: Մեր ապահոված որակը Արեւմտյան Եվրոպայի չափանիշներին չի զիջում, իսկ գինը արեւելաեվրոպական է», - ասաց նա: