26.11.2024
Բաքուն «մտացածին խնդիրներով» ստվերում է երկկողմ հարաբերությունները. ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը
prev Նախորդ նորություն

Զիջումների մասին հայտարարության որոշ մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից. Նալբանդյան

Որոշ մեջբերումներ եւ մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույց ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով որոշ տարածքների վերադարձի վերաբերյալ իր հայտարարության արձագանքները։


Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովին խոսելով տարածքների վերադարձի հնարավորության մասին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ խոսքն այն տարածքների մասին է, որոնք Արցախի անվտանգության համար սպառնալիք չեն ներկայացնում։ «Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը: Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:


Հատկանշական է, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, նշեց, որ չգիտի տարածքներ, որոնց կորուստը չի վտանգում Արցախի անվտանգությունը: «Այսօր Արցախում ստեղծված է այնպիսի մի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի»,- պատասխանելով հարցին, թե որևէ տարածքի վերադարձը Ադրբեջանին իր հետևանքները կարո՞ղ է ունենալ՝ ասաց Մովսես Հակոբյանը:


«Որոշ մեջբերումներ եւ մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների եւ վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, եւ փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ»,- նշել է Նալբանդյանը:


Նա հավելել է. «Ինչպես երկու օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով ընդգծեց Հանրապետության Նախագահը՝ կարեւորն Արցախի կարգավիճակի հարցն է։ Եթե կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար եւ տրամաբանական ձեւով, որովհետեւ մնացած բոլոր հարցերն ածանցյալ են։ Կցանկանայի կրկնել նաեւ այն, ինչի մասին մենք ասել ենք բազմիցս. այդ բոլոր հարցերի լուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ»։


Հարցին՝ արդյոք նախատեսված է հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, նա պատասխանել է. «Այո, այդպիսի հանդիպում ծրագրված է սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաեւ՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ»։