Բաքուն «մտացածին խնդիրներով» ստվերում է երկկողմ հարաբերությունները. ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տարօրինակ եւ անհասկանալի է գնահատել Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ դատական կարգով Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի լուծարման թեմայով հայտարարությունը: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւն այդ հայտարարության մեջ նշել է, թե նման որոշումը հարված էր Մոսկվա-Բաքու հարաբերություններին:
«Ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար պարոն Հաջիեւի նոր հայտարարությանը՝ դատական կարգով Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի լուծարման թեմայով, ինչի պատճառն, ինչպես հայտնի է, այդ համառուսաստանյան հասարակական կազմակերպության դաշնային օրենսդրության բազմաթիվ խախտումներն են եղել:
Պարոն Հաջիեւը շարունակում է ներկայացնել մեր տեսանկյունից տարօրինակ միտքը, թե ռուսական դատարանի որոշումը հենց ռուսական հասարակական կազմակերպության նկատմամբ ոչ միայն հանդիսանում է որոշակի «անբարեխիղճ քայլ» Ադրբեջանի նկատմամբ, այլ նաեւ կարող է ինչ-որ կերպ դժվարացնել Ռուսաստանի միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության հարցում: Աճող անհասկանալիությունից բացի մեզ մոտ դա ոչինչ չի առաջացնում:
Կարծես անօգուտ չի լինի կրկնել հետեւյալը՝ Ռուսաստանը բազմազգ ժողովրդավար պետություն է, որտեղ յուրաքանչյուրի իրավունքն ապահովվում եւ պաշտպանվում է անկախ ազգությունից: Մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները՝ ինքնակազմակերպման եւ մշակութային-ազգային հասարակական կազմակերպությունների լիարժեք գործունեության համար, որոնց ճնշող մեծամասնությունը բարեխղճորեն հետեւում են ռուսական օրենքներին: Ազգությամբ ադրբեջանցի Ռուսաստանի քաղաքացիների շահերը հաջողությամբ ներկայացնում են ավելի քան 260 ոչ կոմերցիոն կազմակերպություններ, այդ թվում 4-ը՝ դաշնային մակարդակով:
Մեր երկրները երկկողմ եւ միջազգային գործակցության լայն հեռանկարներ ունեն: Կարիք կա՞ ստվերել դրանք մտացածին խնդիրներով»,- նշված է ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ: