26.11.2024
Լապշինը՝ հարցաքննությունների մասին. «Դուք հայի նման չեք, ես նրանց հոտը հեռվից եմ զգում»
prev Նախորդ նորություն

Երկրում զգալի փոփոխություններ են եղել. Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում են ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ջեքի Սփիըրը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը և Ջիմ Սենսենբրեները: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


Նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության այցը Հայաստան վկայում է այն մասին, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացման և խորացման հարցում Հայաստանը աջակիցներ և բարեկամներ ունի թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատների շարքերում, Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Հայաստան երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական՝ 25-րդ տարում:


Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ անկախությունից ի վեր անցած 26 տարիների ընթացքում Հայաստանը զգալի ձեռքբերումների է հասել տարբեր ոլորտներում, որը հնարավոր է եղել նաև Միացյալ Նահանգների աջակցության շնորհիվ: Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բարեկամ Միացյալ Նահանգներին Հայաստանի անկախ պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված այդ օժանդակության, ինչպես նաև այն կարևոր դերակատարության համար, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:


Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կոնգրեսականներին և հատկապես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչներին՝ այն հսկայական աշխատանքի համար, որ տարիներ ի վեր նրանք իրականացնում են Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ:


ԱՄՆ կոնգրեսականները նշել են, որ ուրախ են Անկախության տոնի օրը Հայաստանում գտնվելու և տոնը հայ ժողովրդի հետ միասին նշելու հնարավորության համար: Հանդիպմանը ներկա կոնգրեսականներից նրանք, ովքեր առիթ են ունեցել անկախության առաջին տարիներին լինելու Հայաստանում, նշել են, որ երկրում զգալի փոփոխություններ են եղել, և դրական տեղաշարժերն ակնառու են:


Կոնգրեսականներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ջանքեր գործադրել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նրանք նաև իրենց տպավորություններն են կիսել Հանրապետության Նախագահի հետ Արցախ կատարած այցելությունից՝ նշելով, որ տպավորված են Արցախի ժողովրդավարական առաջընթացով: