ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին ու պնախարար Ջեյմս Մաթիսն անմիջապես արձագանքել էին Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի վերջին փորձարկմանը։ Միակ ձայնը, որը լսելի չէր այդ օրերին, երկրի գլխավոր դիվանագետի ձայնն էր։ Այս մասին ասվում է Foreign Policy ամսագրի հոդվածում։
Հանգստյան օրերին Ռեքս Թիլերսոնն այցելել էր Թեքսաս Հարվի փոթորկի պատճառով, զանգահարել էր գործընկերներին, բայց ոչինչ չէր ասել Հյուսիսային Կորայի փորձարկումների վերաբերյալ։ Առաջին պլանում Նիքի Հեյլին էր ու ոչ միայն Կորեայի՝ այլեւ Իրանի հետ հարաբերությունների հարցում։
Հոդվածում նշվում է, որ ըստ որոշ հաղորդագրությունների՝ Թիլերսոնն ու Թրամփը վիճել էին այս ամռանը, քանի որ նախագահին դուր չէր եկել, որ պետքարտուղարը չի կարողացել ներկայացնել որեւէ ողջամիտ տարբերակ, որպեսզի հայտարարի, որ Իրանը չի կատարում միջուկային գործարքի պայմանները։ «Տարօրինակ է, բայց Թիլերսոնը հանրության ուշադրության կենտրոնում չէր նույնիսկ Հյուսիսային Կորեայում լարվածության աճի պայմաններում ու Հեյլին էր միջամտում, որպեսզի լրացնի այդ բացը»,- ասվում է հոդվածում։
Հոդվածագրի կարծիքով՝ Թիլերսոնի բացակայությունն ուժեղացնում է Թրամփի քննադատների ու օտարերկրյա գործընկերների շրջանում տարածված այն ընկալումը, որ վարչակազմը ավելի առաջնային է համարում ռազմական ուժը, քան դիվանագիտությունը ու ավելի հակված է լսել գործող ու պաշտոնանկ գեներալների խորհուրդները։
Չինովնիկներից մեկը ամսագրի հետ զրույցում ասել էր, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Հեյլին է փոխարինելու Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնում։ Նման լուրերը նոր չեն։ Ամռանը խոսում էին Թիլերսոնի հնարավոր հեռացման մասին, սակայն նրա թիմը հերքել էր այդ լուրերը։
Հոդվածում նշվում է, որ ի տարբերություն իր նախորդներից շատերի՝ Թիլերսոնը չի ուզում լինել ուշադրության կենտրոնում։ Հարցազրույցներ ու հրապարակային հայտարարությունները քիչ են, ինչը հիասթափեցնում է որոշ դիվանագետների, որոնք քարտուղարի մեկնաբանություններն ու հանրային գործունեությունը դիտարկում են որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության փոխանցման միջոց՝ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում։
Թիլերսոնի պաշտպաններ էլ պնդում են, որ նրա մոտեցումը իդեալական է ու լրացնում է Թրամփին, որը բոլորովին այլ մարտավարություն է ընտրել իր համար։