24.11.2024
Արցախի ԶՈՒ-ն բավականին լուրջ զինատեսակներով հարստացել է. ԱՀ ՊՆ ներկայացուցիչ
prev Նախորդ նորություն

Պետք չէ կարծել, թե Ռուսաստանի ծրագիրը դատարկում է Հայաստանը. Եգանյան

Պետք չէ կարծել, թե հայաստանցիներին ՌԴ-ում վերաբնակեցնելու Ռուսաստանի ծրագիրը դատարկում է Հայաստանը: Այս մասին ասել է ՀՀ միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ սեպտեմբերի 4-ին ելույթ ունենալով ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նիստում:


Պատգամավորների հարցին, թե «Հայրենակիցները» չեն սպառնում արդյոք դատարկել Հայաստանի առանձին մարզերը, Եգանյանը նշեց, որ այդ ծրագրով միգրացիայի ծավալները շատ սահմանափակ են: Ամեն դեպքում խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին չէ: «Դա արտագաղթի աղբյուրներից մեկն է, ընդ որում, ոչ ամենամեծաքանակը: ԱՄՆ-ի եւ Կանադայի «գրին քարտով» եւ այլ ծրագրերով ավելի շատ մարդիկ են գնում: Սակայն առաջինի դեպքում տագնապ են բարձրացնում, իսկ երկրորդի դեպքում ոչ մի քննադատություն ես չեմ լսել»,- ասել է Գագիկ Եգանյանը:


Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 4-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվեց արտագաղթի իրական ցուցանիշների մասին: Զոհրաբյանը, մասնավորապես, նշեց, թե ԱՎԾ-ն իրարամերժ տեղեկատվություն է տրամադրում միգրացիայի, արտագաղթի հետ կապված: Եգանյանն ասաց, թե հարցը մեթոդաբանական ճշտման կարիք ունի, բայց եւ ավելացրեց, թե Հայաստանում չկա ռեգիստր արտագաղթողների վերաբերյալ եւ չի էլ կարող լինել:


«Այսինքն՝ անձը, որը պետք է երեք ամիս եւ ավելի մեկնի արտերկիր աշխատանքի կամ հիմնական բնակության՝ դա է միջազգային տերմիններով միգրանտ կոչվում, չի գալիս պետական մարմինների մոտ եւ ասում՝ ես գնում եմ, պարո՛ն Եգանյան, եւ արտագաղթում եմ, խնդրում եմ՝ ինձ հաշվառեք: Սահմանահատումների տվյալները չեն փոխանցում այս երեւույթի մասին իրական պատկերը, այլ տեղեկություններ են տալիս ուղեւորների մասին, բայց ամեն մի ուղեւոր միգրանտ է, թե՝ ոչ, չես կարող ասել: Հակառակը ճիշտ է՝ ամեն մի միգրանտ ուղեւորությամբ պետք է իր բնակության վայրը փոխի: Ուղեւորահոսքի բացասական մնացորդն ընդամենը միտումների մասին է ասում, այլ ոչ արտագաղթի, թե ինչ տրամադրվածություններ կան, ու եթե տարեցտարի, տարեկան կտրվածքով, տեսնում ես, որ բացասական մնացորդ կա, բացասական մնացորդ է միշտ, ապա կարող ես ասել, որ այո՛, գերիշխում է արտագաղթելու միտումը»,- նշեց Գագիկ Եգանյանը:


Պատգամավորները Եգանյանից նաեւ հետաքրքրվեցին, թե տարբեր երկրներ դիմում են ՀՀ համապատասխան մարմիններին եւ հայտնում, որ ՀՀ այսքան քաղաքացիներ դիմել են իրենց՝ քաղաքացիություն ստանալու խնդրանքով, հնարավոր չէ՞ դրանով որոշել, արտագաղթի ծավալները, ինչին միգրացիոն պետական ծառայության պետը բավականին ուշագրավ վիճակագրություն ներկայացրեց. ըստ այդմ՝ Հայաստանը տվյալներ է ստանում աշխարհի 46 զարգացած երկրներից ապաստան հայցելու ՀՀ քաղաքացիների թվի վերաբերյալ: Այդ թիվը, ինչպես նշեց Գագիկ Եգանյանը, 2000-ականներին կազմում էր տարեկան մոտ 10 հազար հոգի: Հիմա այդ վերը փոքր-ինչ նվազել են, եւ տարեկան 6000-ից ավելի է Հայաստանից 46 զարգացած երկրներից ապաստան հայցողների թիվը:


Իսկ բուն արտագաղթի ցուցանիշների վերաբերյալ տվյալները, նշեց Գագիկ Եգանյանը, կարող ենք ստանալ բացառապես սոցիոլոգիական հարցումներով: Ներկայումս այդպիսի հարցումներ կառավարությունը պատվիրում է Սլավոնական համալսարանի սոցիոլոգների խմբին, եւ նրանց հարցումների արդյունքում ներկայումս տարեկան մոտ 35 հազար մարդ է արտագաղթում Հայաստանից: Որպես պատճառներ, Գագիկ Եգանյանը նշեց`սոցիալական վիճակը, ցածր աշխատավարձը, աշխատանքի բացակայությունը, իսկ Նաիրա Զոհրաբյանը տեղից ավելացրեց այդ շարքը՝ «Արդարության պակաս, կոռուպցիան»: