24.11.2024
Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է զորավարժություններին. ՊՆ
prev Նախորդ նորություն

Արցախի ԶՈՒ-ն բավականին լուրջ զինատեսակներով հարստացել է. ԱՀ ՊՆ ներկայացուցիչ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ներկա դրությամբ փոխհրաձգություն է կատարվում: Tert.am-ի հաղորդմամբ, մի քանի լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առուստամյանը:


Վերջինս նշել է, որ Ադրբեջանը հրազենային զենք է կիրառում, դիպուկահարներ, ինչի հետևանքով հայկական կողմը, ցավոք, կորուստներ է ունենում:


Հարցին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նոր զինատեսակներ ձեռք բերվե՞լ են, Վիկտոր Առուստամյանը պատասխանել է. «Բավական լուրջ առաջընթաց ունենք: Ե՛վ Արցախի Հանրապետության կառավարության, և՛ Արցախի նախագահի կողմից տրամադրված գումարներով ռազմական արդյունաբերությունը զարգացել է: Չեմ կարող հրապարակել, թե ինչ զենքի տեսակներ ունենք, բայց բավական լուրջ զենքի տեսակներ կան»:


Ճշտող հարցին՝ դրանք գնվե՞լ են, Առուստամյանը պատասխանել է, որ արտադրվել են տեղում: Նա միայն ասաց, որ զենքի արտադրման աշխատանքները վաղուց են տարվում, բայց չմանրամասնեց, թե ինչ զենք է դա, ինչ ծավալով է արտադրվում:


Ինչ վերաբերում է Թալիշին, ապա Առուստամյանը նշել է. «Այնտեղ բավականին պաշտպանիչ զինվորական մեծածավալ աշխատանքներ են կատարվել, որը թույլ չի տալիս ներկա պահին Թալիշի ուղղությամբ կրակել: Ոչ մեկ ամեն դեպքում չի կարող երաշխավորել, որ Թալիշի կամ Ստեփանակերտի ուղղությամբ կրակոց չի լինի, բայց ամեն ինչ արվում է, որ գոնե հրաձգային զենքի ուղղությամբ կրակոց չլինի»:


Վիկտոր Առուստամյանի խոսքով՝ Ադրբեջանին տրվում է ավելի կոշտ ու կոպիտ պատասխան, զենքի ավելի հզոր տեսակներով, ուստի հայկական կողմը նախահարձակ լինելու կարիք չունի: