24.11.2024
Խաղաղ Արցախը ոչ միայն մարտունակ է, այլև կենսունակ և մրցունակ. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է զորավարժություններին. ՊՆ

Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Ախալցխայում Վրաստանի և ԱՄՆ-ի կազմակերպած զորավարժություններին: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը:


Զաքարյանը նշել է, թե «չի  կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում, քանզի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք չի ասել, որ մասնակցելու է հերթական զորավարժություններին:


«Ես տեղյակ չեմ, թե ինչու են վրացական աղբյուրները՝ մեկնաբանել, որ Հայաստանը վերջին պահին է հրաժարվել զորավարժություններից»,- ասել է նա:


Զաքարյանի խոսքով՝ ցանկացած գործողությունների մեջ միշտ էլ վերանայումներ հնարավոր են, բայց միանշանակ է, որ Վրաստանում կազմակերպված զորավարժությանը Հայաստանի չմասնակցելը ամենևին էլ պայմանավորված չէ Ադրբեջանի մասնակցությամբ: Ինչպես նաև, բացառված է, որ չմասնակցելը ինչ-որ կողմի միջամտության արդյունք է:


Թե ինչպես այս իրավիճակը կազդի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վրա, փոխնախարարը վստահ է՝ ոչ մի բացասական երանգ էլ չի լինի, քանի որ ՆԱՏՕ-ն կա, եղել է և շարունակելու է մնալ ՀՀ գործընկերը: Բայց ակնհայտ է նաև, որ Հայաստանի անվտանգության գլխավոր հովանոցը ՀԱՊԿ-ն է


«Մնացած մեր բոլոր համագործակցության խնդիրները անընդհատ փորձում ենք սև և սպիտակի բաժանել: Գաղտնիք չէ, որ ՀՀ Զինված ուժերը և ընդհանուր անվտանգային համակարգը ՀԱՊԿ համակարգում ունի շատ կարևոր դերակատարություն և ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր և առանցքային նշանակություն ունի։ Ինչպես նաև գաղտնիք չէ այն, որ Հայաստանը շատ երկար ժամանակ և՛ քաղաքական, և՛ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, և՛ խաղաղարար առաքելության իրականացման շրջանակներում ունի լայն համագործակցություն ՆԱՏՕ-ի կառույցի և անդամ երկրների հետ: ՀՀ ռազմաքաղաքական դիվանագիտությունն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը և իր գործողությունների մեջ լիարժեք վստահ որոշումներ է կայացնում»,- հավելել է Արտակ Զաքարյանը:


Նշենք, որ այն մասին, թե Հայաստանը մի շարք այլ երկրների հետ սեպտեմբերի սկզբին մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ զորավարժություններին Վրաստանի ՊՆ-ն հայտարարել էր օգոստոսի վերջին: Ուշագրավ է, որ մի քանի օր շարունակ այս լուրը թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի լրատվական դաշտի գլխավորներից էր, սակայն ՀՀ ՊՆ-ն, չգիտես ինչու, հարկ չհամարեց հայտարարել այդժամ, որ չի մասնակցելու: Չմասնակցելու մասին որոշումն այնքան անսպասելի է եղել նաև վրացական կողմի համար, որ Հայաստանի դրոշը զորավարժության լոգոյի վրայից չեն հասցրել հեռացնել:


Այսինքն, ստացվում է, որ կա՛մ Հայաստանը իսկապես չի հաստատել իր մասնակցությունը, բայց վրացական կողմը դա չի ընկալել, կա՛մ ՀՀ ՊՆ-ն, մեղմ ասած, չի ասում ողջ ճշմարտությունը: Այս դեպքում առավել քան տարօրինակ ՊՆ-ի լռությունը, երբ մի շաբաթ շարունակ թե՛ Հայաստանում, թե՛ հարևան երկրում, ինչպես նաև ռուսական ԶԼՄ-ներում շեշտվում էր Հայաստանի մասնակցությունը:


Միչնույն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հորդորում է խուսափել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու շուրջ աժիոտաժ ստեղծելուց։


«Նախկին զորավարժություններին, որին Հայաստանը մասնակցել է, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն մասնակցել: Ֆիքսում ենք, որ նախորդ զորավարժությունները եղել են առողջապահական բնույթի և մեր մասնակցությունը եղել է հումանիտար։ Երկրորդը՝ ես աժիոտաժը չեմ կիսում, որովհետև աժիոտաժ կլիներ, եթե Հայաստանը չմասնակցեր ՀԱՊԿ-ի կամ հայ-ռուսական զորավարժություններին: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ունի հստակ ռազմաքաղաքական ուղղվածություն, ունի իր անելիքները», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է Էդուարդ Շարմազանովը։


ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ Հայաստանի չմասնակցելը ինքնիշխան որոշում է։ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Զինված ուժերն ու Հայաստանի պաշտպանության նախարարությունը իրականացնում են որոշումներ, որը բխում է իր շահերից։


«Եթե նման որոշում է կայացվել ու Հայաստանը հրաժարվել է մասնակցել այդ զորավարժություններին, բնականաբար, ՊՆ-ն քննարկել է ու նման որոշում է կայացրել, սա Հայաստանի ինքնիշխան որոշում է: Հայաստանը երբեք չի հայտարարել ՆԱՏՕ-ի անդամակցման մասին, Հայաստանը երբեք չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Հայաստանը երբեք չի հայտարարել թեկուզ հեռավոր հեռանկարում ՆԱՏՕ-ին անդամագրվելու և այլնի մասին: Հայաստանն ասել է, որ ես ՀԱՊԿ-ին այլընտրանք չեմ տեսնում, և երկրորդը՝ մենք մասնակցում ենք այնտեղ, որտեղ որ գտնում ենք արժե։ Կրկնում եմ՝ նախորդին Ադրբեջանը չէր մասնակցում, հիմա մասնակցում է», - հավելել է Էդուարդ Շարմազանովը։