Վիզաների ազատականացման գործընթացն ակտիվանում է
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ սեպտեմբերի 4-ի նիստում քննարկել է «ՀՀ կառավարության եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջեւ Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Համաձայնագրի նպատակն է սահմանել ՄՔՄՄԿ-ի եւ նրա անձնակազմի կարգավիճակը, արտոնություններն ու անձեռնմխելիությունը Հայաստանի Հանրապետությունում: ՄՔՄՄԿ-ն իրավունք ունի հիմնելու իր ներկայացուցչությունը Հայաստանում եւ աշխատանքի ընդունելու իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ անձնակազմ` կազմված տեղացի եւ արտասահմանցի մասնագետներից:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարակից զեկույցում նշել է, որ կենտրոնին կարգավիճակ տալը ի կարեւոր փուլերից է: Նա արդյունավետ է համարել կենտրոնի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերը:
«ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա կարեւորել է համաձայնագիրը վիզաների ազատականացման գործընթացի իրականացման ճանապարհին:
Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Քննարկված նախագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը՝ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար: