Զբոսաշրջային սեզոնին ավիատոմսերի թանկացման խնդիրը մեղմելու նպատակով Երևանում սկսել են վայրէջք կատարել խոշոր՝ մինչև 364 նստատեղ ունեցող «Բոինգ-777» տիպի օդանավեր: Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
Կառույցի Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ օդային ուղեվարձի գինը կարգավորելու նպատակով Քաղավիացիայի պետը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ավիաընկերությունների հետ բանակցում են չվերթերի քանակն ավելացնելու և մեծ ինքնաթիռներ շահագործելու ուղղությամբ:
Նկատենք, որ քայլերը, որ ձեռնարկում է քաղավիացիայի վարչությունը, իհարկե, ողջունելի են, սակայն ուշացած, քանզի ամբողջ ամառ, երբ զբոսաշրջային սեզոնի պիկն է, ավիատոմսերի գները չափազանց բարձր էին և դա արձանագրել են նաև այլ պետությունների համապատասխան կառույցները: Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ ավիատոմսերի որոնման ռուսական Aviasales.ru կայքի վիճակագրության համաձայն՝ այս տարի նվազել են մոսկովյան թոփ-20 գրեթե բոլոր ուղղությունների ավիատոմսերի գները, բացառությամբ Երևանի, որտեղ անգամ թանկացում է արձանագրվել:
Ուշագրավ է, որ Մոսկվայից Թբիլիսի հետադարձով ավիատոմսերի գները նվազել են 3 հազար ռուբլիով, գրեթե նույնչափ՝ Բուրգաս հետադարձով: Սակայն Մոսկվայից Երևան և հետադարձ ավիատոմսերի գները, նախորդ տարվա համեմատ, թանկացել են շուրջ 4 հազար ռուբլիով: Aviasales.ru կայքի համաձայն՝ այլ զգալի թանկացումներ ամենապահանջված ուղղություններով այս տարի չի արձանագրվել:
Մամուլում աղմուկի հետո միայն քաղավիացիայի Սերգեյ Ավետիսյանը հայտարարեց, որ Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի թանկացումը կապված է նախատեսված քանակից ավելի մեծ պահանջարկի առկայությամբ: Նրա խոսքով՝ իրենց կողմից նախատեսված քանակից ավելի պահանջարկի դեպքում փորձում են օպերատիվ ձեւով լուծում տալ այս ամենին հավելյալ չվերթների տեսքով.
«Գնային քաղաքականության մասով մենք մշտապես ասել ենք, որ ուղղակիորեն գնային քաղաքականության վրա չենք ազդում, մենք կարող ենք ունենալ անուղղակի ազդեցություն՝ շնորհիվ մրցակցության ավելացման: Պետք է կամ նստատեղերի քանակը, կամ օդանավերի քանակն ավելացնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր նա:
Այսօր կարելի է փաստել, որ զբոսաշրջային այս սեզոնը բավականին շահաբեր էր որոշների համար և քայքայիչ այն ընտանիքների բյուջեի համար, որոնք այս ամառը որոշեցին Հայաստանում անցկացնել: Թեև այս պահի դրությամբ էլ ավիատոմսերը շարունակում են բավականին թանկ մնալ. այդպես, Երևան-Մոսկվա ավիատոմսը սեպտեմբերի սկզբին միայն մեկ ուղղությամբ ամենամատչելի առաջակով արժե 131 հազար դրամ: Սեպտեմբերի սկիզբը ևս կարելի է զբոսաշրջային պիկ սեզոն համարել՝ հատկապես դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքների շնորհիվ: Բայց ավիատոմսերը դեռ պահպանում են բարձր արժեքը, այնպես որ հայտարարությունները, թե ջանքեր են գործադրվում, ընդամենը ուշացած կոսմետիկ միջոցներ են՝ սեփական գործունեությունը կամ անգործությունն արդարացնելու համար: