VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքականությունից դուրս գալուց հետո, կարծես թե, իր ընտանիքին պատկանող բիզնես կապիտալը տեղափոխում է բարենպաստ վայր: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Աբրահամյանները վաճառել են «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում ունեցած իրենց 50 տոկոս բաժնետոմսը: Նշենք, որ «Արտֆուդ» ապրանքանիշով հայտնի «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կեսը պատկանում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին, իսկ մյուս մասը Հովիկ Աբրահամյանի որդու անունով էր՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից armtimes.com-ը տեղեկացավ, որ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին հունվարին: Ընկերության կանոնադրական կապիտալը 174 միլիոն 750 հազար դրամ է: 1996 թվականից ընկերության նախագահն ու գործադիր տնօրենն էր Սերգո Կարապետյանը, իսկ 2011 թվականից վերջինիս որդին՝ Վաչագան Կարապետյանը: 2017 թվականի հուլիսի 26-ին ընկերության հասցեն փոփոխվել է, որն արտացոլվել է նաեւ կանոնադրության մեջ: Իրավաբանական անձանց ռեգիստրից մեզ տեղեկացրեցին, որ ԲԲԸ-ների բաժնետերերի ռեեստրն իրենք չեն վարում, այդ իսկ պատճառով էլ բաժնետիրոջ մասին տեղեկատվությունը հասանելի չէ նույնիսկ վճարում կատարելու դեպքում:
Տեղեկությունը փորձեցինք ստուգել «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ից, որտեղից հայտնեցին, որ բաժնետերերի փոփոխություն տեղի չի ունեցել: «Մեր բաժնետերերի ցուցակում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»,- փոխանցեց ընկերության ներկայացուցիչը: Հարցին, թե բաժնետերերի փոփոխման վերաբերյալ բանակցություններ այժմ չե՞ն ընթանում, գործարանից պատասխանեցին. «Ոչ, ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»:
Հիշեցնենք, որ armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ նախկին վարչապետը պատրաստվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում արտադրական ձեռնարկություն հիմնել: Նախորդ ամիս էլ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել Աբրահամյաններին պատկանող «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար գումար խնդրելով: Սակայն նախարարությունը մերժել էր խնդրանքը՝ պատճառաբանելով, թե չկան բավարար միջոցներ:
«Իբր շատ ենք կարողանում դրսում գտնվողների հոգսերը հոգալ, հիմա էլ մտածենք ՔԿՀ-ներում բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մասին», -մեր աղբյուրների պնդմամբ՝ մոտավոր նման բանավոր պատասխան են տվել ֆինանսների նախարարությունից, այնուհետև խորհուրդ տվել ռեֆորմներ իրականացնել ԱՆ-ում և դրա արդյունքում ստացած խնայողությունների հաշվին վերանորոգել ՔԿՀ-ները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը գնալով վերածվում է բանկային մեծ երկրի, որի քաղաքացիները կախվածության մեջ են այդ ֆինանսական կառույցներից: Այսօր Հայաստանում դժվար է գտնել որեւէ ընտանիք, որը չունենա վարկ: Իսկ բանկից վարկ վերցնել նշանակում է լինել նրանց գերի: Բանկերը նաեւ շատ ձեռնարկություններ են տնօրինում, որոնք տարբեր պատճառներով գրավ են դրվել եւ դարձել բանկի սեփականություն: Ու հաճախ բանկերը կառավարում են այնպիսի ոլորտներ, որոնք վնասակար են մարդու առողջությանը: Օրինակ՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն նաեւ էկոլոգիական վտանգ է ներկայացնում. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայբիզնեսբանկ»-ը նախորդ տարի ձեռք էր բերել Հրազդանի ցեմենտի գործարանն ու այսօր այն աշխատեցնում է՝ առանց համապատասխան կանոնները պահպանելու, մասնավորապես, բնակիչների պնդմամբ, ցեմենտ է արտադրում` առանց ֆիլտրերը աշխատեցնելու՝ այդպես աղտոտելով շրջակա միջավայրը:
Գործարանում տեղակայված էլեկտրական եւ թեւքավոր ֆիլտրերը, որոնք չափազանց շատ հոսանք են ծախսում, գործարանի տնօրինության կողմից ողջ աշխատանքային օրվա ընթացքում անջատված են մնում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ փաստը չի հերքել նաեւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը՝ հավելելով, որ նման դեպքերում, երբ գործարանն առանց ֆիլտրերի է աշխատում, եւ երբ մարդկանց կողմից իրենք դժգոհություններ են ստանում, այդ մասին անմիջապես ահազանգում են բնապահպանության նախարարության մարզային տարածքային տեսչությանը: Բայց հիմա չեն կարող ահազանգել, քանի որ բնապահպանության նախարարության մարզային տարածքային տեսչությունը լուծարվել է: Ու հիմա, փաստորեն, չկա որեւէ կառույց, որ կվերահսկի այս ընկերությանն ու կկանխի սխալները: Իսկ թե ինչու է այսպես ստացվել, դժվար չէ ենթադրել. Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատեր «Հայբիզնեսբանկ»-ը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին, հետեւաբար այս ընկերությունը գործում է արտոնյալի կարգավիճակով: Իսկ մարդկանց առողջությունը հետին պլանում է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 2-ին Դավթաշենի տներից մեկի բակում՝ 2-րդ փողոց, 56/2 հասցեում, արկ էր պայթել։ Բազմակի վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխել երկու հոգու՝ Երեւանի բնակիչներ 20-ամյա Աշոտ Եփրեմյանին եւ 1985 թվականին ծնված Նիկոլայ Եփրեմյանին, որի կյանքը բժիշկներին չէր հաջողվել փրկել։ Գործ է հարուցվել ապօրինի զենք պահել-կրելու հոդվածով։ Զարմանալին այն է, որ հաջորդ օրն այդ տանը խուզարկության արդյունքում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել։ Ըստ Քննչական կոմիտեի տվյալների, այստեղ գտել են «հրետանային արկ՝ 620 մմ երկարությամբ, 120 մմ տրամաչափի, էլեկտրական մալուխով շինարարական աշխատանքային գործիքի բռնակին նմանվող հատված, 5 արկ, «Բայկալ» հրացան, մեկ փամփուշտ, հրացանի օպտիկական նշանոց, գիշերային տեսանելիության սարք, հրացանի խզակոթ, 2 հատ ծխագլանակ, մեկ հատ լուսարձակիչ, 53 հատ «Տոզ» տեսակի փամփուշտ, վառոդի նմանվող փոշի»: Տանտիրոջ անունն առայժմ չեն հրապարակում։ Հայտնի է, որ նա 39 տարեկան է։ Նրա ձերբակալության մասին որոշում կա, սակայն նա դեռեւս փախուստի մեջ է, հետախուզվում է։ Ոստիկանությունը նրան չի հայտնաբերել»։