23.11.2024
Դեսպան է նշանակվում «ստախոս մանիպուլյատորը». ինչպե՞ս է նա աշխատելու Նալբանդյանի հետ
prev Նախորդ նորություն

Նոր ական գործադիրի դաշտում. Կարեն Կարապետայնի թիմին թուլացնելու գործընթացը թափ է առնում

Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբացկության անդամ, պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հանդես է եկել բավականին հետաքրքիր հայտարարությամբ և կառավարության գործունեության արդյունավետության նոր չափորոշիչ և գնահատական սահմանել: Նրա խոսքով, դա երկրում անշեղորեն վատթարացող ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված քայլերի արդյունավետությունն է:


«Հայ ժողովրդի և Հայաստանի համար՝ որպես անկախ պետական միավորում, այսօր ավելի կարևոր առաջնահերթություն, քան ժողովրդագրական ներկայիս միտումներն են, պարզապես գոյություն չունի: Երկարաժամկետ հեռանկարում շատ մեղմ է նույնիսկ ճգնաժամ որակում տալը», - Tert.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավորը: Ավելին՝ Ֆարմանյանը հայտարարում է, որ թե’ իշխանական, թե’ ընդդիմադիր քաղաքական էլիտաները չունեն այն որակները, որոնք թույլ կտային ձեռքը պահել խնդրի զարկերակի վրա եւ գտնել լուծումներ:


Հատկանշական է, որ ՀՀԿ-ի և վերջինիս առաջնորդ ու երկրի նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ինը տարիների ընթացքում միշտ գրանցել է արտագաղթի ահռելի ծավալներ: Այս խնդրի մասին իշխանության լայն շրջանակներ սկսեցին խոսել այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը, ծրագրային ելույթով հանդես գալով ԱԺ 6-րդ գումարման անդրանիկ նիստում, ի թիվս այլ խնդիրների խոսեց նաեւ արտագաղթի դադարեցման, ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի «էական բարելավման» եւ «արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծման» մասին: Ավելին` նա նախանշեց 2040 թ.-ը, երբ ՀՀ-ում «պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»:


Հատկանշական է, որ Սարգսյանի նախագահության ինը տարիների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից արտագաղթել է ավելի քան 300 հազար մարդ: Սա առկա բնակչության 10 տոկոսից ավելի է, իսկ պատմական համատեքստում, տարբեր աղբյուրների հիշատակմամբ, մոտավորապես նույնքան մարդ Շահ Աբասը 1600 թթ.-ի սկզբին Հայաստանից տեղահանվեց դեպի Պարսկաստան կամ շուրջ այդքան հայերի Օսմանյան Կայսությունում կոտորեցին սուլթան Աբդուլ Համիդի իշխանության օրոք:


Ընդ որում, վերջին տաս տարիներին ամենամեծ ծավալի արտագաղթը ՀՀ-ից, ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցվել է անցնող 2016 թվականին՝ 48.200 մարդ: Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2017-ի տարեսկզբին 2016թ հունվարի 1-ի համեմատ նվազել է 0.4 %-ով կամ 12.1 հազ.մարդով, ինչը ձեւավորվել է 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում արձանագրված բնական հավելաճի (12.5 հազ. մարդ) եւ միգրացիայի գնահատված մնացորդի (-24.6 հազ. մարդ) ցուցանիշների տարբերության հաշվին:


Սամվել Ֆարմանյանի նշած դեմոգրաֆիական ճգնաժամի կամ աղետալի վիճակի մասին են խոսում նաև Հայաստանում դպրոցն ավարտող շրջանավարտների քանակը: Այս տարի Հայաստանի շրջանավարտների թիվը կազմել է 19,618, իսկ հաջորդ տարի ավելի աղետալի թիվ է կանխատեսվում՝ մոտ 12,000։ Եթե նույնիսկ համարենք, որ ավարտողների կեսը տղաներ են ու մի այդքան էլ դպրոց չի հաճախում, ապա սա ուղղակի հարված է պատերազմող Հայաստանի բանակին: Այս առումով լավ օրից չէ, որ շրջանառության մեջ են դրվել բանակում ծառայության անցնելու երկու նորч «Պատիվ ունեմ», «Ես եմ» մոդելները:


Դատելով առկա միտումներից՝ կարելի է ենթադրել, որ դրանց առաջնային նպատակնը զորակոչի թվաքանակի ապահովումն է: Սակայն առկա դեմոգրաֆիական միտումների չշտկման դեպքում, այս նախաձեռնություններն ուղղակի կարելի է համարել բանակում զորակոչային ճգնաժամի հետաձգման միայն ժամանակավոր միջոցառումներ:


Ուստի այս համատեքստում ՀՀԿ-ական պատգամավորը որևէ նոր բան չի ասել: Սամվել ֆարմանյանը, ով եղել է ժամանակին նախագահ Սարգսյանի մամուլի խոսնակը, ուղղակի ավելի մատչելի ու բաց է ներկայացրել խնդրո առարկայի վերաբերյալ ՀՀԿ առաջնորդի դիտարկումներն: Սակայն կարևորն այստեղ այլ բան է. Ֆարմանյանը շուրջ տաս տարուց ավելի ահագնացող դեմոգրաֆիական ճգնաժամի պատասխանատվությունը, կարելի է ասել, դրել է Կարեն Կարապետյանի կառավարության վրա, որն ուղղակի կապ չի ունեցել ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի կառավարության տարիներին ընդունված որոշումների ու ձախողումների հետ:


Հատկանշական է, որ գրեթե ամեն օր ներդրումների ներգրավման և տնտեսական վիճակի շտկման անհրաժեշտության մասին խոսող Կարեն Կարապետյանի (դրանք հաջողությաբ կպսակվեն, թե չէ՝ այլ հարց է) կառավարության գործունեության արդյունավետության նոր չափորոշիչ է փորձում սահմանվել: Ըստ Ֆարմանյանի, հենց ժողովրդագրական ցուցանիշը պետք է դարձնել կառավարության գործունեության չափորոշիչ եւ գնահատական՝ տնտեսական աճի փոխարեն:


«Այսինքն, ես կառավարության գործունեությունը կգնահատեի հենց այդ տեսանկյունից, թե որքանով են այդ միտումները փոփոխության ենթարկվել կամ խորացել: Տնտեսական աճը ոչ մի գրոշի արժեք չունի, եթե հայությունը իր հայրենիքում չի ապրելու: Ժամանակն է, որ իշխանություններն իրենց թիրախում ունենան ոչ թե տարատեսակ տնտեսական ցուցանիշները, որը, որպես գնահատման չափանիշ, բնորոշ է և ճիշտ է զարգացման կայուն փուլում գտնվող երկրների համար, այլ երկրում առկա հենց դեմոգրաֆիական միտումները», - ասել է նա:


Նոր կառավարության կողմից պարբերաբար ներկայացվող տնտեսական ցուցանիշներին փորձ է կատարվում հակադրել անվիճելի ու հասարակության շրջանում շատ զգայուն ընդունվող թեմա՝ դեմոգրաֆիա և արտագաղթ:


Արդյոք պատահական է Սամվել Ֆարմանյանը հանդես գալիս նման հայտարարությամբ, երբ իշխանության ներսում, համաձայն տարբեր փորձագետների ու քաղաքական գործիչների գնահատականների, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի կրճտմանն ուղիղ համեմատական սրվում են շահերի տարբեր խմբերի միջև բախումները: Այդ պայքարը, ըստ փորձագետների, ավելի է խստանալու 2018 թ-ին ընդառաջ, երբ կավարտվի Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկերը և երկիրն անցում կկատարի խորհրդարանական կառավարման մոդելին: Այժմ դեռ պարզ չէ, ինչ ընտրություն կկատարի ինքը՝ Սարգսյանը:


Նա պահում է 2018 թ-ի հետ կապված ինտրիգը և այս պայքարում ավելի շատ արբիտորի դերում հանդես գալիս՝ ժամանակ առ ժամանակ շտկումներ մտցնելով համակարգի գործունեության մեջ: Սարգսյանն իր վերջին հարցազրույցում էլ յուր քաղաքական ապագայի վերաբերյալ հստակ հայտարարություններ չարեց, և դա բնական է: Եթե այժմ նա միանշանակորեն աջակցի իշխանության այս կամ թիմի, ապա մեծ իրարանցում կառաջացնի համակարգում: Իսկ եթե իշխանության որևէ խմբի հայտարարի որպես ժառանգորդ, ապա մինչև պաշտոնավարման ավարտ ինքը, ռուսերեն ասած, կվերածվի «в хромую утку».


Ուստի Սարգսյանի տեսանկյունից ճիշտ է ինտրիգը պահելը, համակարգում սեփական տանտիրոջ դերակատարությունը մշտապես ընդգծելը, նույն համակարգում ապաքաղաքական մարդու՝ Արա Բաբլոյանին ԱԺ նախագահ նշանակելը՝ մինչև 2018 թ-ի ապրիլ պահելով լարվածությունն ու անորոշությունը:


Հավշի առնելով վերոնշյալը, հարց է առաջանում՝ Ֆարմանյանի կատարած հայտարարությունն ուղղակի պատգամավորի անձնական մտահոգություն է, թե՞ կուլիսներում իշխանության համար ընթացող բավականին սուր պայքարի տրամաբանությամբ թելադրված նոր կառավարությանը հարվածելու մտածված քայլ: Կարելի է ենթադրել, որ 2018 թ-ից առաջ տարբեր ականներ են դրվում կառավարության գործունեության դաշտում, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են գործի դրվել:


Այսինքն՝ համակարգում որոշ խմբեր հասունացնում են խնդիր՝ հեռացնելու մեկին (ու նրա թիմին), ով օգնեց ապրիլյան պատերազմից ու «Սասնա ծռերի» զինված խմբի նախաձեռնած հուլիսյան ճգնաժամից հետո, երբ քաղաքական համակարգի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը հասել էր ռեկորդային ցածր մակարդակի, առանց ցնցումների անցկացնել ընտրությունները: Բանն այն է, որ որքան էլ ջանասիրաբար աշխատի Կարեն Կարապետյանի կառավարությունը, տաս տարվա մեջ փորած դեմոգրաֆիական փոսը չի կարող փակել ու արտագաղթը դադարեցնել: Անգամ, եթե վարչապետն անձամբ Հայաստանի սահմաններին կողպեք դնի ու փակի, չի կարող իրավիճակ փոխել:


Մյուս կողմից, այս ռիսկերը Կարեն Կարապետյանը պետք է հաշվի առներ՝ համաձայնելով դժվարին իրավիճակում ստանձնել վարչապետի պաշտոնը և պատասխանատվություն կրել երկրում առաջացած ծանրագույն սոցիալ-տնտեսական դրության համար:


Միևնույն ժամանակ Սամվել Ֆարմանյանը, ով իշխանության մեջ առկա տարբեր թևերից մեկի ներկայացուցիչն է, հայտարարում է, որ պատրաստվում է աշնանը խորհրդարան ներկայացնել նախաձեռնություն՝ ոչ ֆորմալ աշխատանքային խումբ ստեղծելու համար: «ԱԺ աշնանային նստաշրջանին ցանկանում եմ իմ գործընկների հետ կիսվել կոնկրետ վիճակագրությամբ, վերլուծություններով և առաջարկել խորհրդարանում ձևավորել մի ոչ ֆորմալ աշխատանքային խումբ և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր համարում են, որ այս խնդիրը գերառաջնահերթություն է և ովքեր պատրաստ են աշխատել առանց աշխատանքի արդյունքը տեսնելու հեռանկարի», - հայտարարել է Ֆարմանյանը:


Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի բնակչության արտագաղթի թվերը, որը վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն պետական ծառայության հրապարակումներից:


2008                                                    -23.059                                           Սերժ Սարգսյան


2009                                                    -24.978                                           Սերժ Սարգսյան


2010                                                    -46.486                                            Սերժ Սարգսյան


2011                                                    -43.820                                            Սերժ Սարգսյան


2012                                                    -42.784                                            Սերժ Սարգսյան


2013                                                    -41.800                                            Սերժ Սարգսյան


2014                                                    -41.235                                            Սերժ Սարգսյան


2015                                                    -43.438                                            Սերժ Սարգսյան


2016                                                    -48.200                                            Սերժ Սարգսյան


 


Արշալույս Մղդեսյան