Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հուլիսի 12-ին արտաքին գործերի նախկին նախարար, ՄԱԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ ու ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայում ՀՀ դեսպան:
Այսպիսով երբեմնի ընդդիմադիր պատգամավոր և Հայ ազգային կոնգրես բլոկի անդամ, ներքին և արտաքին քաղաքականության հարցերում իշխանությունների ամենաանխնա քննադատներից մեկն անցնում է դիվանագիտական ծառայության նույն իշխանությունների հովանու ներքո: Այսուհետ նա ենթարկվելու է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ում «բարոյականությունն ու կոռեկտությունը» մի առիթով կասկածի տակ է դրել, ինչպես նաև բազմիցս քննադատել է նրա վարած արտաքին քաղաքականությունը:
Բավականին կոշտ է արտահայտվել Ալեքսանդր Արզումանյանի մասին նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Խոսքը ոչ թե հրապարակային հայտարարությունների, այլ Wikileaks-ի բացահայտած փաստաթղթերում ԱՄՆ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Արզումանյանի հասցեին Նալբանդյանի հնչեցրեծ խոսքերի մասին է: Հրապարակային հայտարարություններում Էդվարդ Նալբանդյանը, խորհրդային դիվանագիտության դպրոցի ոճին հավատարիմ, խոսքեր շռայլելու սովորություն չունի: Ավելին՝ բավականին «ժլատ» է այդ հարցում:
Մեկ առիթով, խոսելով Ալեքսանդր Ազրումանյանի՝ իր հացեին հնչեցրած քննադատությունների մասին, Նալբանդյանը, միմյանց գնահատականներ տալու պրակտիկան «մի քիչ ոչ կոռեկտ» է անվանել: «Մի քիչ կոռեկտ չէ, երբ մի արտգործնախարար մյուսին գնահատական է տալիս», - ասել է նա ու շարունակել. «Իսկ գնահատականներն արտգործնախարարներին, այն քաղաքականությանն ու այն աշխատանքներին, որոնք իրենք արել են, հասարակությունը պետք է տա, ու ոչ թե մեկ արտգործնախարար մյուսի մասին ինչ-որ բաներ ասի»:
Իսկ ահա ոչ հրապարակային հանդիպումների ժամանակ, տեսախցիկներից ու լրագրողներից հեռու, Նալբանդյանը բավականին ճարտարախոս է: Այսպես, 2008թ. հուլիսի 11-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի` Պետդեպարտամենտ ուղարկված գաղտնի հաղորդագրությունը վերաբերում է ՀՀ արտգործնախարար Էդվարադ Նալբանդյանի հետ կայացած մի հանդիպմանը: «Wikileaks» կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը գրում է, որ Նալբանդյանը նույն Ալեքսանդր Արզումանյանին, ով այդ ժամանակ մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ հրահրելու» մեղադրանքով անազատության մեջ էր և կարող էր դատապարտվել 10-15 տարվա ազատազարկման, անվանել է «ստախոս մանիպուլյատոր»:
2008 թ-ի մարտի 1-2-ին Երևանի կենտրոնում նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմության համակիրների ու իրավապահների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով (որի արդյունքում 10 մարդ սպանվեց), շատ ընդդիմադիր գործիչներ հայտնվեցին անազատության մեջ: Ալեքսանդր Արզումանյանը, որ 2008 թ. նախկին նախագահ եւ ընդդիմադիր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր, նույնպես ձերբակալվեց: Մեկ տարի անց նա ազատ արձակվեց համաներման միջոցով:
ԱՄՆ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանն այսպես է արտահայտվել Ալեքսանդր Արզումանյանի մասին. «ԳՀ-ն (ԱՄՆ դիվանագետ) Նալբանդյանի հետ հանդիպմանը հատուկ շեշտեց քաղաքական բանտարկյալների խնդիրը` որպես ամենահրատապը ժողովրդավարության օրակարգի նշանակալից մտահոգությունների շարքում: Նա ասաց, որ, օրինակ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գործը լուրջ անհանգստություն է պատճառում»: Նույն դիվանագիտական հաղորդագրության մեջ Փենինգթոնը գրում է, որ Նալբանդյանը կառչեց ԳՀ-ի ի միջի այլոց արված դիտողությունից, որ Արզումանյանի կինը ԱՄՆ քաղաքացի է, որպեսզի «երկար-բարակ տրտնջա, որ ոչ ոքի կնոջ քաղաքացիությունը չի կարող նրան օրենքից բարձր դասել, եւ պնդի, որ Արզումանյանը ստախոս մանիպուլյատոր է, որը թաքնվում է մարդու իրավունքների մասին կեղծ պնդումների թիկունքում»:
Ըստ Փենինգթոնի, ԳՀ-ն նկատել է, որ Արզումանյանն ընդամենը մեկն է մի շարք հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներից, որոնք կալանավորված են ծայրաստիճան կասկածելի մեղադրանքներով, որոնց վերաբերյալ որեւէ հստակ ապացույց չի ներկայացվել:
«Նալբանդյանը շարունակեց սրտխառնուքի աստիճան (ad nauseum) տարածվել իր անհամոզիչ թեմայի շուրջ, թե իբր Արզումանյանը «մարդու իրավունքների» քողի ներքո «քաղաքական մանիպուլյացիաներ» է իրականացնում: Մի պահ Նալբանդյանն ասաց, որ ինքը մասնակցություն է ունեցել 2007թ. Արզումանյանին բանտից ազատելու հարցում այն ժամանակվա նախագահ Քոչարյանին համոզելու գործում (երբ Արզումանյանը կալանավորված էր փողերի լվացման համար կասկածելի մեղադրանքով), նկատելով, որ այդ գործը Հայաստանը վատ լույսի ներքո էր ներկայացնում:
Այնուամենայնիվ, Նալբանդյանն ակնարկեց, որ Արզումանյանը մեղավոր է չորոշակիացված բազմաթիվ հանցագործությունների մեջ: ԳՀ-ն մատնանշեց, որ Արզումանյանի եւ մյուս առաջատար ընդդիմադիր քաղաքական գործիչների նախնական կալանքի ժամկետը բազմիցս երկարաձգելը առանց անցկացվող հետաքննություններում առաջընթացի որեւէ նշույլի, քաղաքական հակառակորդներին պարզապես փականքի տակ դնելու տպավորություն է ստեղծում», - ըստ ԱՄՆ դիվանագետի հաղորդագրության ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Ժամանակին մեկնաբանելով Էդվարդ Նալբանդյանի վերոնշյալ կոռեկտության կոչը՝ Ալեքսանդր Արզումանյանը, հղում կատարելով «Wikileaks»-ի հրապարակած հաղորդագրությանն, ասել է. «Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերը, որոնցում վկայակոչվում են Նալբանդյանի գնահատականներն իր քաղաքական ընդդիմախոսների մասին, հակում է մտորումների նրա բարոյականության և կոռեկտության մասին` որպես մարդ»: