23.11.2024
Ո՞ւմ շահերի պատճառով է կառավարությունը զոհում Սևանի էկոհամակարգը
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով. Պերենջիև

Ղարաբաղյան հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով, չնայած Արցախի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը ոչ մի րոպե չի էլ դադարել: Եվ ռազմական պայքարի սրացումը կողմերի միջև շարունակվելու է: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևը:  


— Պարոն Պերենջիև, Ղարաբաղյան հակամարտության գոտում հերթական սրացումն է, ընդ որում՝ 2016 թվականի ապրիլից հետո առաջին անգամ Ադրբեջանը կիրառեց TR-107 համազարկային կրակի ռեակտիվ կայաններ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս սրացումը դառնա ապրիլյան իրադարձությունների կրկնություն:  


— Ես պետք է կրկնվեմ. ես միշտ կարծել և շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի և Ադրբեջանի պատերազմը ոչ մի րոպե չի դադարել: Խնդիրը նրանում է, որ ռազմական պայքարի լարվածության մակարդակի նվազումը ընկալվում է իբրև հրադադար, իսկ ավելացումը՝ նոր պատերազմի սկիզբ: Մինչդեռ չկա ո՛չ հրադադար, ո՛չ նոր պատերազմ: Պատերազմը շարունակվում է, պարզապես փոխվում է լարվածության մակարդակը շփման գծում: Եվ այս իրավիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմը չի ազատագրի Ադրբեջանի յոթ շրջանները, որոնք նախկինում էլ երբեք Ղարաբաղի կազմում չեն եղել: Այսինքն, այսօր ռազմական գործողությունները ոչ թե Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի տարածքում են, այլ ադրբեջանական: Եվ Բաքուն երբեք չի համակերպվի իր տարածքների կորստի հետ՝ խոսքս այդ 7 շրջանների մասին է, ոչ թե Լեռնային Ղարաբաղի տարածքի: Այնպես որ ներկայիս սրացումը, այո, կարող է լինել բավականին լուրջ:


- Ինչո՞ւ բանակցային գործընթացը առաջընթաց չի արձանագրում և ինչո՞ւ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանիք չեն կոչվում:


— Որովհետև կողմերը չեն ցանկանում հիմնախնդիրը բաժանել երկու մասի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց և Ադրբեջանի յոթ շրջաններ: Պաշտոնական Բաքուն չի ցանկանում, քանի որ  այդ դեպքում կստացվի, որ նա ճանաչում է, որ Լեռնային Ղարաբաղն ունի այլ կարգավիճակ, քան Ադրբեջանի մյուս տարածքները: Իսկ հայկական կողմը չի ցանկանում այդ շրջանները հենց այնպես վերադարձնել, փոխարենը Բաքվից պահանջելով Արցախի անկախության ճանաչում: Իսկ քանի որ Բաքուն չի ցանկանում խնդիրը բաժանել երկու մասի, ապաև պաշտոնական Երևանն էլ այդ յոթ շրջանները դիտարկում է իբրև անցտանգության գոտի, որն ապահովում է Արցախի անվտանգությունը Ադրբեջանից:  


— Արդյոք Բաքուն իսկապես պատերազմ է ցանկանում, ինչի մասին անընդհատ հայտարարում է և այդ դեպքում ի՞նչն է պահում, որ ապրիլը չի կրկնվում: 


—Իրավիճակը պահում է Ռուսաստանի և այլ սուբյեկտների ցանկությունը լուծել խնդիրը ոչ թե ռազմական ճանապարհով, այլ բանակցությունների միջոցով: Բայց Բաքուն չի կարող չգնալ սրացումների, եթե չկա առաջընթաց բանակցային գործընթացում, քանի որ դրա բացակայության պատճառով էլ ադրբեջանական հասարակությունը իշխանությանը պահանջ է ներկայացնում վերադարձնել տարածքները զենքի միջոցով:  


—Առկա է կարծիք, որ քաղաքական լուրջ միջոցառումների նախաշեմին, ինչպիսին են ընտրությունները, արտաքին որոշ խնդիրներ անցնում են հետին պլան: Ձեր կարծիքով, Ռուսաստանի համար Ղարաբաղի խնդիրը ակտուալ է, հաշվի առնելով սպասվող ընտրություններն ու ընդհանուր իրավիճակը Մերձավոր Արևելքում:   


— Իհարկե ակտուալ է և ավելի քան: Բայց Ռուսաստան ասելով հարկ է երկու բան հասկանալ դրա տակ՝ ՌԴ իշխանություն և արտաքին գերատեսչություն, որը մեծ ուշադրություն է դարձնում այդ խնդրին: Եվ ռուսաստանյան հասարակություն, որը, իրականում, ԼՂ հակամարտությունով հետաքրքրված չէ: Հիմնականում այն պատճառով, որ չգիտի էլ նույնիսկ, որ աշխարհում Ղարաբաղ գոյություն ունի ու առավել ևս՝ հակամարտություն դրա շուրջ: Հասարակության մի մասն էլ ինչ-որ բան լսել է, բայց քանի որ Ռուսաստանի ԶԼՄ-ներում այս հարցը շատ քիչ է լուսաբանվում, ապաև նրանք կարծում են, որ դա իրենց չի վերաբերում: Բայց իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացումը շատ ցավոտ հարվածում է հենց Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը:


—Կիսում եք այն կարծիքը, որ այդ խնդիրը կլուծվի ռազմական ճանապարհով և բանակցությունները ուղղակի ժամանակ ձգելու միջոց են, ոչ թե լուծում:


— Հիմնախնդիրը պատերազմով չի լուծվի: Պետք չէ մոռանալ, որ Հայաստանի ՀԱՊԿ գործընկերները՝ Ղազախստանն ու Ղրղզստանը քողարկված համակրանք ունեն Ադրբեջանի նկատմամբ և նրա կողմից են: Այնպես որ՝ ես նման կարծիքը չեմ կիսում:


Զրուցեց Լիա Խոջոյանը