23.11.2024
Արցախը շարունակում է գերել ռուս զբոսաշրջիկների սրտերը
prev Նախորդ նորություն

Ո՞ւմ շահերի պատճառով է կառավարությունը զոհում Սևանի էկոհամակարգը

Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, այսօր Ազգային Ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության մշակած՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ  օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017 թվականին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի լրացուցիչ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնել:


ԱԺ արտահերթ նիստին զուգահեռ խորհրդարանի դիմաց բնապահպանները բողոքի ակցիա են անցկացնում՝ ահազանգելով, որ լրացուցիչ ջրի բաց թողումը լրջագույն սպառնալիք է Հայաստանի քաղցրահամ ջրի պաշարներին: Նրանց պահանջը մեկն է՝ չընդունել կառավարության ներկայացրած նախագիծը, քանի որ Սևանա լճից 270 միլիոն խորանարդ լիտր ջուր բացթողումը Սևանա լճի էկոհամակարգն աղետալի վիճակի կարող է հասցնել:


«SOS Սևան» բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ որևէ փորձագիտություն չի արվել և եզրակացություններն ամբողջական չեն, իսկ այն հիմնավորումը, թե դա անհրաժեշտ է ոռոգման համար իրականությանը չի համապատասխանում: Միակ ու իրական նպատակը, նրանց համոզմամբ, այն է, որ հավելյալ ջրի բացթողումը էլեկտրաէներգիա արտադրելու համար է:  


«Սևանից ջուր կարելի է բաց թողնել միայն բացառիկ դեպքերում, երբ երաշտ է, արտակարգ վիճակ է, սակայն նման վիճակ, ինչպես գիտենք, գոյություն չունի, անցած ձմեռն էլ բավականին ձնառատ է եղել, ի՞նչ սակավաջրության մասին է խոսքը: Դա հերթական հեքիաթներն են, որպեսզի հերթական հանցագործ նախագիծն ընդունվի»,- հայտարարում են բողոքի ակցիայի մասնակիցները:


Մինչդեռ խորհրդարանում ելույթ ունենալիս Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հավաստիացրեց, թե Սևանա լճից լրացուցիչ ջրառ չիրականացնելու արդյունքում կունենանք թերոռոգում և միակ պատճառը հենց դա է: «Սևանից լրացուցիչ ջրառ չիրականացնելու դեպքում այստեղ կունենանք 105 միլիոն խ/մ ջրի դեֆիցիտ: Արդյունքում՝ երկու համակարգերում էլ կունենանք թերոռոգում, որը կարող է հանգեցնել անկառավարելի ռիսկերի, գյուղատնտեսական արտադրանքների վերջնարդյունքի կորստի»,- հայտարարեց Հարությունյանը:  


Ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը իր ելույթում նշեց, որ հավելյալ 100 մլն խ/մ ջուր բաց թողնելը մոտ 100 միլիարդ լիտր կամ 200 միլիարդ շիշ ջուր է կազմում, այսինքն՝ եթե մեկ շիշ վաճառքից մեկ ցենտ եկամուտ առաջանա, ապա խոսքը 2 միլիարդ դոլար շահույթի մասին է:


Զուրաբյանի խոսքով, Հայաստանը սակավաջուր երկիր չէ և եթե իսկապես ջանքեր գործադրվեին, ապա նման խնդիր չէր առաջանա, որը վտանգում է Սևանի էկոհամակարգը: Այսպես ստացվում է, որ գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու համար պետությունը գնում է Սևանի էկոհամակարգի վտանգմանը: Իսկ դա ավելի քան տարօրինակ է, քանի որ Հայաստանը տարաբնույթ դրամաշնորհներ է ստացել ոռոգման հարցերը լուծելու համար:  


Մինչ նիստն ընթանում է, դրսում կրքերը բորբոքվում են: Ակցիայի մասնակիցները սպառնում են, որ եթե լրացուցիչ ջրառը թույլ տվող նախագիծն ընդունվի, ապա իրենց կհրապարակեն և կբացահայտեն, թե ում շահերին է ծառայում ջրառը։ Մասնավորապես, նման զգուշացում հնչեցրեց «Էկոլուր» տեղեկատվական-հասարակական կազմակերպությունը:


«Մենք ունենք արդեն 600-ից ավելի կազմակերպություններ ու անձինք, որոնք միացել են մեր նախաձեռնությանը: 72 կազմակերպություն ստորագրել են նախաձեռնության կոչն ընդդեմ Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու վտանգավոր որոշման: Բացի այս, մենք նաև արդեն հետաքննություն ենք սկսել պարզելու, թե ում շահերին է ծառայում այդ օրինագծի ընդունումը»,- հայտարարեց «Էկոլուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը:  


Հնչեցվեց նաև, որ դեռևս 2015 թվականին Վերահսկիչ պալատը բացահայտել էր, որ 45 տոկոս ջրի կորուստ կա, իսկ դա նշանակում է, որ եթե ԱԺ-ն թույլ տա, որպեսզի Սեւանից բաց թողնվի լրացուցիչ 270 մլն խմ ջուր, ապա ըստ կորուստների թվի՝ 130 մլն խմ ջուր կորելու է: Իսկ քանի որ բնության մեջ ջուրը չի կարող կորել, բնապահպանները մատնանշում են՝ դա կոռուպցիոն ռիսկ է, որի հաշվին շահույթ են ստանում, որն էլ գնալու է ինչ-որ մեկի գրպանը: Իսկ թե ում, կրկնեցին նրանք, կբացահայտեն այնժամ, եթե պատգամավորները թույլ տան լրացուցիչ ջրառը Սևանից:


Հատկանշական է, որ կորուստների ցուցանիշը նվազեցնելու նպատակով կառավարությունը տարեցտարի հատկացնում է գումարներ վերանորոգումների համար: Այդ նպատակով 2013 թվականին տրամադրվել է 697 միլիոն դրամ, 2014 թվականին՝ 998 միլիոն դրամ, 2015-ին՝ 907 միլիոն դրամ:


«Եթե դա իրոք այդպես է, ապա մեղավոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն վերանորոգման համակարգերի համար ծախսված գումարի վատնման համար: Հիմա եթե հաշվարկենք Սեւանա լճի 270 միլիոն խորանարդ մետր ջրառի կորուստը, ապա ի՞նչ՝ 121-148 միլիոն խորանարդ մետր ջուր կորելո՞ւ է: Իրականում դժվար է պատկերացնել, որ այդ քանակությամբ ջուր կարող է կորել կամ գոլորշիանալ, եւ մենք կարծում ենք, որ այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր: ՋՕԸ-երը հանրային ռեսուրսից անօրինական փող են աշխատում, մինչդեռ նախագծում գրած է, որ կոռուպցիոն ռիսկեր նախագիծը չի պարունակում»,- նշեց ընդդիմադիր "Ելք" խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:


Նա մի դիտարկում էլ արեց հարցի հարակից զեկուցող, բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Արամ Հարությունյանի վերաբերյալ: «Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին, լճի ափից մի քիչ հեռու, 2009 թվականից կառուցված է մի առանձնատուն, որ գյուղացիների վկայությամբ պատկանում է Արամ Հարությունյանին»,- հիշեցրեց պատգամավորը՝ նշելով, որ այդ առանձնատունը կառուցվել է օրենքի կոպիտ խախտումներով, եւ այդ տեղը նախատեսված է եղել լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրի տակն անցնող հատվածների համար: Լենա Նազարյանը վերջում նկատեց, որ տեսակետներ կան, որ Սեւանա լճից լրացուցիչ ջրառի նպատակը լճին հարող տարածքներում կառուցված շինությունների պահպանումն է:


«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ մեղադրեց Կառավարությանը, որ այն  չի կարողանում հստակ ձեւակերպել Սեւանա լճի խնդիրը եւ հենց այդ պատճառով էլ առաջանում են տարբեր խնդիրներ: Նա ևս հայտարարեց, որ բնապահպանների համոզմամբ՝ ջրառը չի լուծելու գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու խնդիրը, իսկ քանի դեռ գործադիրը չի կարողանում հստակ ձևակերպել, թե ինչումն է իրականումխնդիրը, ապա խորհրդարանը ստիպված է լինելու ընտրություն կատարել վատի եև վատթարագույնի միջեւ.


«Ընտրությունը վատի և վատթարագույնի միջեւ է՝ կամ գյուղացիներին ջրից զրկում ենք, կամ տալիս ենք մարդկանց ոռոգման ջուրը, որը կարող է էկո խնդիրներ առաջացնել»,- ընդգծեց Զոհրաբյանը:


Կառավարության շահերի պաշտպան հանդես եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Վերջինիս խոսքով՝ որևէ մեկն իրեն երջանիկ չի զգում, որ Սևանից 100 միլիոն խ/մ ավել ջուր պետք է բաց թողնվի, բայց այլ ելք, ըստ նրա չկա, քանի որ ամբողջ Արարատյան դաշտի ոռոգման համակարգի համար ջուր բաց չթողնել չի կարելի: Նա նաև հեգնեց բնապահպաններին, որոնք առաջարկում են նախքան նախագիծն ընդունելը լսումներ անցկացնել քաղաքացիական հասարակության ու բնապահպանների մասնակցությամբ.  


«Եթե քաղաքացիական հասարակություն ասելով նկատի ունեք Երևանում նստած բնապահպաններին, ապա նրանք ասում են՝ ոչ, պետք չի: Իսկ եթե խոսքը հանրության հետ քննարկելն է, ապա եկեք գնանք Արարատյան դաշտի հասարակության մոտ ու հարցնենք՝ ուզո՞ւմ են նրանք, որ Սևանից ջուր բաց թողնվի, թե ոչ: Կառավարությունն ասում է՝ հարգելի տնտեսվարող, ջուրը իմն է, ես այն տալիս եմ քեզ, գերշահույթ ես ստանում, ուստի դրա մի մասը պետք է գնա արտաբյուջե: Իսկ առաջացող հավելյալ գումարներն ուղղվելու են կառավարության արտաբյուջետային հաշվին: Սա շատ նորմալ քաղաքականություն է: Այո, գերշահույթն ուղղվելու է ոռոգման համակարգի կատարելագործմանը»,- հայտարարեց իշխանության ներկայացուցիչ Նիկոյանը:


ՀՀԿ-ական պատգամավորը նաև նախազգուշացրեց, որ, այո, կարող են լինել տարիներ, երբ ստիպված կլինենք հավելյալ ջրառ իրականացնել, բայց եթե հարկ է ձեռք մեկնել գյուղացիական տնտեսություններին, ապա պետք է գնալ այս ճանապարհով:


Ի դեպ, քաղաքացիական հասարակության հետ երկխոսության մեջ մտնելու անհրաժեշտություն Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը չի տեսնում: Ի պատասխան Սևանա լճի որոշումների նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու վերաբերող ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին` նա նշեց, որ որոշումները պետք է ընդունի պատասխանատու մարմինը:.


«Մենք չենք կարող 10-15 ՀԿ-ի հավաքել եւ նրանցից հարցնել` Սեւանից ջուր բաց թողնե՞նք, թե՞ ոչ»,- շեշտեց Հարությունյանը:


Բայց տարբերակ՝ նվազեցնելու Սևանից ջրառը, նա տեսնում է, այն է՝ Վեդիի ջրամբարի շինարարության ավարտից հետո Սեւանա լճի ծանրաբեռնվածությունը հնարավոր կլինի նվազեցնել 18 մլն խ.մ.-ով: Պարզապես դրան ժամանակ է հարկավոր, քանի որ ջրամբարի շինարարությունը մեկնարկել է այս տարի և այն կկառուցվի 4 տարվա ընթացքում:  Ջրամբարի կարևորությունը նրանում է, որ դրանից հետո Արարատի մարզի ֆերմերների ջրի պահանջարկը մեծ մասամբ կբավարարվի տեղի ռեսուրսների հաշվին, իսկ Սեւանա լճից ավելի քիչ ջուր կվերցվի: Բայց դա, ինչպես նշեցինք, առնվազն դեռ չորս տարի անց...