Արցախը շարունակում է գերել ռուս զբոսաշրջիկների սրտերը
Օրերս Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը հրապարակեց վիճակագրական տվյալներ, համաձայն որի՝ Արցախում 2017 թվականի ապրիլ ամսին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, գրանցվել է զբոսաշրջության 42% աճ, իսկ մայիս ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 222% աճ:
VERELQ-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը տեղեկացրեց, որ Արցախ այցելած զբոսաշրջիկների մեջ տարեցտարի ավելանում են Ռուսաստանից ժամանած հյուրերը. զբոսաշրջիկների ծագման երկրների ցուցանիշների համաձայն նրանք կազմում են Արցախ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի գերակա մասը՝ 45-55 տոկոս: Սա նաև արդյունք է Ռուսաստանի Դաշնությունում Արցախի զբոսաշրջության պոտենցիալի ներկայացման և ակտիվ քարոզչական աշխատանքների, քանի որ Ռուսաստանը դեպի Արցախ զբոսաշրջիկների հոսքի առաջնային կարևորության շուկա է համարվում:
«Արցախի զբոսաշրջությունը դիտարկում ենք որպես հայկական զբոսաշրջային արդյունքի մի մաս, հետևաբար Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճի հետ զուգահեռ ավելանում է նաև Արցախ այցելողների քանակը: Այն է՝ ռուսաստանցիների հետաքրքրությունը նաև Արցախի նկատմամբ: Ռուսաստանից մեծ հոսք է ակնկալվում նաև այս տարվա փետրվարին ՌԴ քաղաքացիների համար ներքին անձնագրերով ՀՀ մուտքի իրավունքի վավերացումից հետո: Իսկ այս տարվա ցուցանիշները խոսում են այն մասին, որ ռուս զբոսաշրջիկների թիվը աճելու միտում ունի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Միայն 2016 թվականին, ըստ ԱՀ ԱԳՆ-ի տվյալների, ՌԴ 6178 քաղաքացի է այցելել Արցախ, ինչը կազմում է օտարերկրյա այցելուների քանակի 44 տոկոսը: Հասկանալի պատճառներով, ապրիլյան պատերազմի հետևանքով հետընթաց է արձանագրվել նաև Արցախի զբոսաշրջության բնագավառում, այդ թվում ազդելով նաև ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների քանակի վրա: Բայց Արցախում այս տարի նրանց թվի ավելացում են ակնկալում:
Հարցին՝ արդյոք հարևան երկրի վարած քաղաքականությունն ու բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը բացասական չեն ազդել ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի դինամիկայի վրա, Արտակ Գրիգորյանն արձագանքեց.
«Ինչպես արդեն նշեցի, այս տարի զբոսաշրջության զարգացման աննախադեպ աճ է գրանցվում և ակնկալիքներն այդ թվում ռուսական շուկայի հանդեպ բավականին մեծ են: Այնպես որ կարող եմ ասել, որ նշված այդ խնդիրները զբոսաշրջության զարգացման ընդհանուր դինամիկայի վրա էական ազդեցություն չեն ունենա»:
Ի դեպ, առաջիկայում Արցախում մի շարք փառատոններ են սպասվում ՝ ինչպես արդեն ավանդական դարձած, այնպես էլ նոր, որոնք, անշուշտ, կգրավեն զբոսաշրջիկների ուշադրությունը: Այդպես, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, համապետական միջոցառումներ են անցկացվում ամբողջ հանրապետության տարածքում, սեպտեմբերին 16-ին արդեն 4-րդ անգամ կանցկացվի Արցախյան գինու փառատոնը, իսկ ավանդական դարձած բերքի տոնն ու տոնավաճառը կանցկացվի Ստեփանակերտում հոկտեմբերի 2-րդ կիրակին: Իսկ քանի որ Արցախում բավականին զարգացած է գաստրոտուրիզմը, հաշվի առնելով այս հանրապետության հարուստ ու համեղ խոհանոցային ավանդույթները, ապա ամռան ու աշնան ընթացքում բազմաթիվ համով-հոտով փառատոնները ևս կլինեն անպակաս: