Հուլիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում կքննարկի ՀՀ կառավարության մշակած՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի, 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել:
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման,տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետական կուսակցություն և «Ծառուկյան» խմբակցությունների 6 պատգամավորները կողմ քվեարկեցին օրինագծին: Օրինագծին դեմ քվեարկեցին «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 2 պատգամավորները, հայտոնում է «Անկախ» պարբերականը: Բնապահպաններն ի դեմս «S.O.S. Սևան» նախաձեռնության կտրականապես դեմ են արտահայտվում այս ծրագրին և պատրաստվում են մի շարք բողոքի ակցիաներ անցկացնել Երևանում և Սևանում:
Կառավարությունն այս ծրագիրն ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում է հետեւյալ կերպ. եղել են տարիներ, երբ լճից 170 մլն մ3 ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաև խորքային հորերի պոմպերով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրության միջոցով, ինչն էլ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար բերել է չնախատեսված նոր ֆինանսական պարտավորություններ: Ըստ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տված տեղեկատվության, 2016 թվականի համեմատ 2017 թվականին գրանցվել է գետերի շուրջ 20 % սակավ ջրատվություն, 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ՝ անցած տարվա նույն օրվա համեմատ ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 189 մլն մ3, չնայած այն հանգամանքին, որ անցած տարվա նկատմամբ այս տարի ջրամբարներից այդ օրվա դրությամբ 35 մլն մ3-ով պակաս ջրօգտագործում է իրականացվել:
Նշվածով պայմանավորված, 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ՝ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումն արդեն կազմում է 58.5 մլն մ3 անցած տարվա 14.3 մլն մ3-ի փոխարեն: 2016թ. հունիսի 19-ին, 2015թ. նույն օրվա դրությամբ՝ Սևանա լճի ջրի մակարդակն ավելացել է 16 սմ-ով (տարբերության առավելագույն ցուցանիշը 24.08.2016թ. գրանցվել է 32 սմ), իսկ 2017թ. հունիսի 19-ին 2016թ. նույն օրվա դրությամբ՝ ևս 18 սմ-ով: Այսինքն՝ ոռոգման համար նախատեսված ջուրը բավարար չէ:
Բնապահպանական մի շարք կազմակերպություններ դեմ են կառավարության այս նախաձեռնությանը: Նրանք գտնում են, որ Սեւանա լճից հավելյալ ջրառի դեպքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի նոր ճահճացման բավարար գործընթացին: Մակարդակի իջեցման հետևանքով լճի ծավալի փոքրացումը միայն կմեծացնի լճի ջերմաստիաճանային ռեժիմի խախտումը, ինչը կազդի լճի կենդանի օրգանիզմների վրա:
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը հիշեցնում է՝ Սևանա լիճն ընդամենը մի քանի օրվա ընթացքում իջել է 4 սմ-ով` 1900.91սմ-ից 1900.87 սմ` օրենքով նախատեսված ջրառի շրջանակներում: «Սևանա լճից արդեն բաց է թողնվել 100 միլիոն խմ-ից ավելի ջուր: Հուլիսի 3-ի դրությամբ Սևանա լիճը բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից ընդամենը 11 սմ-ով: Կառավարությունը պնդում է, որ հավելյալ ջրառի արդյունքում Սևանը կիջնի 8 սմ-ով` ապահովելով դրական հաշվեկշիռ: Եթե այս սակավաջուր շրջանում Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցվի, Սևանա լիճն անխուսափելիորեն բացասական հաշվեկշիռ կունենա: Դեմ ենք Սևանը իջեցնելուն, դեմ ենք Սևանը ճահճացնելուն: Կոչ ենք անում բոլորին միանալ բողոքի ակցիաներին», - ասվում է նախաձեռնության տեղեկատվության մեջ։
Այս առիթով հուլիսի 4-ին տեղի կունենան բողոքի ակցիաներ` ընդդեմ Սևանից հավելյալ ջրառի։ Հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, «S.O.S. Սևան» նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի` ուղղված Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցնելու կառավարության առաջարկի դեմ: Նույն օրը` ժամը 9:00-ին Գեղարքունիքի մարզում տեղի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն Սևան-Հրազդան ջրառի մուտքի մոտ («Հարսնաքար» հյուրանոցային համալիրի հարևանությամբ):
«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը` ի դեմս 72 կազմակերպությունների, Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ՀՀ ԱԺ պատգամավորներին նամակներ են ուղարկել եւ պահանջում են, որպեսզի ԱԺ-ն չընդունի կառավարության առաջարկած ծրագիրը:
«Change.org» կայքում էլ ստորագրահավաք է սկսվել նույն պահանջով, որին արդեն միացել է 348 մարդ, պահանջված շեմը 500-ն է: Ենթադրվում է, որ ԱԺ-ի նիստում ընդդիմադիր պատգամավորները կհնչեցնեն այս նախաձեռնության մտահոգությունները:
Խնդրին անդրադարձել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Մինասյանն ընդգծել է, որ օրենքը Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հիմքեր սահմանում է: «Օրենքը նախատեսում է հիմքեր՝ տնտեսական խիստ անհրաժեշտություն կամ արտակարգ իրավիճակներ: Մենք երբեք դեմ չենք արտահայտվել Սևանա լճից 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելուն: Ասել ենք, որ դրա հիմնավորումը պետք է համապատասխանի օրենքի պահանջներին», – ասաց նախարարը:
Նախարարը հավելեց, բնապահպանական տեսակետից Սևանա լճից ավել ջուր վերցնելը պետք է համարվի բացասական ազդեցություն: «Պարզ է, որ ավելի մեծ ծավալի ջուր վերցնելը, քան օրենքով նախատեսված 170 միլիոն խորանարդ մետրն է, համարվում է, որ ազդեցությունը կարող է բացասական լինել: Բայց այս դիտարկումները պետք է ընթացքում տրվեն: Չի կարելի միանգամից հայտարարել բացասական կլինի, թե՝ դրական»,- մեջբերում է Մինասյանի խոսքերը 1in.am-ը:
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թվականի մայիսի 13-ին բնապահպանության նախարարությունում խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Սեւանը պետք է կապիտալիզացնել: «Բոլորս Սեւանը սիրում ենք, բայց մենք դրա լուծումը պետք է տանք թուղթ ու գրիչով: Լճի մակարդակի փոփոխությանն ւղղված քայլերը պետք է կարողանանք հիմնավորել, քանի որ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կարող է վաղը-մյուս օրը բերել լրացուցիչ լիքը ծախսերի՝ ճանապարհ, կաբել, գազ: Պետք է կապիտալիզացնենք եւ հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Դրա համար պետք է թուղթ ու գրիչով հիմնավորենք մեր գործողությունները»,- ընդգծել էր Կարեն Կարապետյանը: