24.11.2024
Սևանա լիճը վտանգված է. ընդդեմ նոր ջրառի բողոքի ակցիաներ կանցկացվեն Սևանում և Երևանում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիր՝ ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցությունը ոչ մի կերպ չի հակասում ռուսական շահերին, այդ իսկ պատճառով Ռուսաստանի կողմից նետված ցանկացած քար աշխատելու է հենց հակառուսական տրամադրվածությունների ուժգնացման ուղղությամբ: Ընդհակառակը՝ 2017 թվականի նոյեմբերին սպասվող ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման հանդեպ իր չեզոք դիրքով Ռուսաստանը բոլորին ցույց կտա, որ նա չունի modus operandi՝ «շունը՝ խոտի դեզի վրա». այն ամենը, ինչ չի սպառնում իր շահերին, ամեն ինչ, ինչը դաշնակցի եւ ռազմավարական գործընկերոջ օգտին է, պետք է հավանության արժանանա Մոսկվայի կողմից: Նման դիրքորոշման հիմքում շատ ուժեղ պրագմատիկ քայլ է, որը նպաստելու է այն միֆի վերացմանը, թե Ռուսաստանը, կայսերական նկրտումներից ելնելով, ընդլայնվում է` հանուն ընդլայնման»,- մեր թղթակցին ասել է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-Ռուսաստան նոր պատժամիջոցների ֆոնին Մոսկվան խանդո՞վ է վերաբերվում ԵՄ-ՀՀ նոր շրջանակային համաձայնագրի սպասվող ստորագրմանը, արդյոք այն վտանգվա՞ծ է:


Ըստ նրա` մենք ապրում ենք որոշ ավանդական փոխգործակցության սխեմաների ու արձանագրությունների «կոտրման» ժամանակներում, պաշտոնատար անձանց հաղորդագրությունները, ընդհուպ՝ մինչեւ նախագահներ, սոցցանցերում կարող են ջրի մեջ փոթորիկ առաջացնել` ինչպես վերջին շրջանում ՀՀ իշխանությունների եւ ՀՀ-ում ԵՄ դեսպանի հեռակա փոխադարձ հայտարարությունները. «ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարը պետք է համապատասխան կոնվենցիաներով ամրագրված նորմերը պահպաներ: Լեհական կողմի համար ընդունելի՞ կլիներ, եթե այդ երկրում Հայաստանի դեսպանը սկսեր հրապարակավ մեկնաբանել ենթադրվող փոփոխությունները Լեհաստանի Սահմանադրությունում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի շաբաթ է՝ Արարատի մարզում ազատումներ, տուգանումներ եւ այլ սանկցիաներ չեն կիրառվում Աբրահամյանների եւ նրանց շրջապատի նկատմամբ։ Մենք տեղեկացանք, որ մտադրություն են ունեցել դպրոցի տնօրենների ջարդը շարունակել՝ Արտաշատից անցնելով Հովտաշատի ու Մխչյանի դպրոցների տնօրեններին, բայց առայժմ գործընթացը սառեցվել է։ Սառեցման մասին է վկայում նաեւ այն, որ Արտաշատի քաղաքապետարանում դրսից ժամանակավոր պաշտոնակատար այդպես էլ չնշանակեցին․ քաղաքապետի պարտականությունները շարունակում է կատարել Արգամ Աբրահամյանի տեղակալներից մեկը՝ Իսահակ Գրիգորյանը։ Ավելին՝ ընդգծված կոշտ վերաբերմունքն Աբրահամյանի թիմակիցների նկատմամբ քաղաքապետարանում տեղի է տվել։ Աբրահամյանի շրջապատում չեն բացառում, որ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունների սառույցը հալվել է վերջին երկու հարսանիքների շնորհիվ, որոնց մասնակցել է նաեւ Արգամիչը, եւ որի ժամանակ նախկին զինակիցները զրուցել են ու մասամբ հաշտվել»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը միանշանակ չի ընդունվում նաեւ իշխանությունում, սակայն, ինչպես միշտ, իշխող կուսակցությունն այն կվավերացնի: Բանն այն է, որ շատերը կարծում են, թե սա միայն գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու խնդիր չի լուծում, այլ շատ ավելի խորքային է հարցը: Ասում են՝ Արարատյան դաշտավայրում որոշ օլիգարխների ձկնաբուծարանները ջրով ապահովելու, ինչպես նաեւ Սեւանի ափին որոշ մեծահարուստների օբյեկտները ջրի տակ անցնելուց փրկելու խնդիր կա: Ասում են նաեւ, թե օրենքում անմեղ լրացման տակ շատ ավելի «ծանրակշիռ» պատճառներ կան, որոնք էլ ամառվա տապին խորհրդարան «բերման» են ենթարկելու պատգամավորներին»:


«Իրավունք» թերթն իր «բամբասանք» էջում գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ օրերս, երբ հայտնի են դարձել հունվար-մայիսի վերաբերյալ վիճակագրական տվյալները, նախարարները՝ ոմանք գրեթե անթաքույց, ոմանք էլ՝ մեջքի հետեւից կատակների առարկա են դարձրել Լեւոն Ալթունյանին: Բանն այն է, որ մարդիկ չեն մոռացել, թե ինչպիսի գլուխգովանությամբ էր նա խոստանում արմատախիլ անել ծխելը: Բայց, ըստ անողոք վիճակագրական թվերի՝ 2017-ի առաջին 5 ամիսների ընթացքում ծխախոտի արտադրությունն աճել է 18 տոկոսով, իսկ ամբողջ արդյունաբերությունում ծխախոտագործությունը կազմել է 15 տոկոս: Եվ հատկապես ծխող պաշտոնյաները այժմ չարախնդում են, թե ով է անհաջողակը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է ունեցվածք կուտակել: Նրա դրամական միջոցները կարծես կախարդական փայտիկի օգնությամբ տարեցտարի ավելանում են: «Ժողովուրդ»-ի՝ դատավորների ունեցվածքի մասին հրապարակումների շարքի շրջանակում Զարգարյանի հայտարարագրերը ուսումնասիրելիս հայտնաբերեց, որ 29-ամյա դատավորը 2014թ. պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է երկու հողամաս, կիսակառույց շինություններ, Mitsubishi Colt 1300 GLI մակնիշի ավտոմեքենա եւ 3 մլն դրամական միջոց: Բայց, չգիտես ինչպես, երիտասարդ դատավորի՝ 3 միլիոնի չափով դրամական միջոցը 2015թ. վերածվել է 7 մլն դրամի: Իսկ մեկ տարի անց՝ 2016թ., այն հրաշքով դարձել է 9.5 մլն դրամ: Եվ սա այն դեպքում, երբ նա, որպես եկամուտ, հայտարարագրել է միայն իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 510 հազար դրամ: Ստացվում է, որ ոչ միայն աշխատավարձը չի ծախսել, կուտակել է, այլեւ «կողքից» եկամուտ է ունեցել: Հուսանք՝ երիտասարդ դատավորը առաջիկայում կկիսվի իր այդ գաղտնիքով, առավել եւս, երբ նրա վարույթում գտնվում են բավականին հետաքրքիր գործեր»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանության վերին էշելոններում տագնապած են բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների շուրջ բարձրացած աղմուկից: Մտավախություն ունեն, որ հաջորդը մամուլում կհայտնվեն վերջին 10 տարին միջպետական համաձայնագրերով ՀՀ-ից ուսման նպատակով արտերկիր մեկնած եւ այդ «հողի վրա» տարկետման իրավունք ստացած ՀՀ ոսկի երիտասարդության ներկայացուցիչների անունները: Իսկ այդտեղ շատ հետաքրքիր անուններ կան, հիվանդության կամ այլ հիմքով բանակից ազատվել չկարողացողները կրթության անվան տակ թռել են արտերկիր, ընդ որում՝ այդպես են վարվել եւ վարվում բազմաթիվ անձինք՝ սկսած ԿԳՆ պաշտոնյաներից, վերջացրած ամենատարբեր մեծ ու միջին չինովնիկներով»: