ՀՀ-ում ցանկանում են բարձրացնել մեգաառանձնատների գույքահարկը. դրանց թիվը չի անցնում 50-ը
25.07.2017
Լուսնակարը՝ hetq.am-ից
Հայաստանի Ֆինանսների նախարարությունը գույքահարկի սահմանման նոր մոտեցումներ կառաջարկի: Այս մասին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ նախարարությունն արդեն կառավարությանը բարեփոխման տարբերակներ է առաջարկել, սակայն առայժմ դրանք ետ է վերցրել վերջնամշակելու համար, հայտնում է news.am-ը:
Հիմնական գաղափարը հողի եւ գույքի կադաստրային արժեքը (դրանցից հարկ է պահվում) շուկայական գներին հասցնելն է: Սակայն այս դեպքում հարկերը կաճեն ոչ միայն «դղյակների», այլ նաեւ «խրճիթների» համար: Իսկ կառավարության համար գլխավորը միջին եւ ոչ հարուստ խավի համար նոր բեռ չստեղծելն է: «Ուստի անհրաժեշտ է հասկանալ, եթե հարկերը մեծացվեն, ապա ում համար եւ որքան արագ»,- պարզաբանել է փոխնախարարը:
Գաղափարներից մեկը (վերջնական չէ) հետեւյալն է՝ ոչ թանկարժեք տների կադաստրային արժեքի աճը (եւ հարկի մեծացումը) կբաշխեն 10 տարվա վրա, միջինի համար՝ 5, իսկ գերթանկարժեքների համար միանգամից ուժի մեջ կմտցնեն: «Մենք ցանկանում ենք կառավարությանը ցույց տալ, որ սոցիալական բեռ չի լինի, կամ այն նվազագույն կլինի: Հարկերը կարող են մի փոքր բարձրանալ, որովհետեւ կադստրային արժեքը բոլորի համար է վերահաշվարկվում: Սակայն եկեք 10 տարում սրան ինչ-որ կերպ ընտելանանք: Իսկ ահա էլիտար տների սեփականատերերը միանշանակ կսկսեն ավելի շատ վճարել, ըստ որում՝ միանգամից: Ահա ուղերձը, որ ցանկանում ենք հանրությանը փոխանցել»,- «հուսադրեց» Անանյանը:
Նրա խոսքով՝ մեգաառանձնատների համար հարկերի բարձրացումը ոչ միայն կմեծացնի սոցիալական արդարության զգացումը, այլեւ կօգնի պայքարել ստվերային բիզնեսի դեմ: Եթե պետությունը նրան նույնիսկ տեղում չբռնի, ապա կհասնի եզրագծին՝ շքեղության իրերի վրա փողը լվանալիս:
Հատկանշական է, որ Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող բնակելի տան կադաստրային արժեքը 428 մլն. դրամ է։ Այն պատկանում է գործարար, նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանին։ Նա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրն է։ Այս մասին ամիսներ առաջ տեղեկաացրել էր «Հետք» լրատվամիջոցը:
Ըստ պարբերականի, ամենաբաձր կադաստրային արժեք ունեցող բնակելի տների երկրորդ հորիզոնականում Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի կնոջը՝ Նունե Նիկոլյանին պատկանող 398 մլն կադ. արժեք ունեցող բնակելի տունն է։ Երրորդ ամենաթանկը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի որդուն՝ Արսեն Արսենյանին պատկանող 324 մլն դրամանոց առանձնատունն է։
Կադաստրային արժեքի չափը հաշվարկվում է երեք տարին մեկ՝ համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի։ Բացի մայրաքաղաքից, որտեղ 45 հատ 144 մլն դրամից (300 հազար ԱՄՆ դոլար) կադաստրային արժեք ունեցող տուն է հաշվառված, մարզերում նման կադաստրային արժեք ունեցող 3 բնակելի տուն է գրանցված. մեկը՝ Կոտայքի մարզում (այն պատկանում է պատգամավոր Գագիկ Ծառուկյանին), երկուսը՝ Արմավիրում։ Այսինքն՝ հանրապետությունում 300 հազ. ԱՄՆ դոլարից ավելի կադաստրային արժեք ունեցող 48 տուն է գրանցված։
Բացի այդ, 100-300 հազ. ԱՄՆ դոլար կադաստրային արժեք ունեցող 821 բնակարան և 797 բնակելի տուն (առանձնատուն) կա գրանցված։ 100-300 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ այդ 821 բնակարանները հաշվառված են Երևանում: Հայաստանի մարզերում այդպիսի կադասատրային արժեքով բնակարաններ, ըստ պաշտոնական տվյալների, չկան։