Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին 2,5 մլրդ դոլար վճարել Ս–400 զենիթահրթիռային համալիներ գնելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg–ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյային։
Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան Ս–400–ի 2 համալիր կստանա հաջորդ տարվա ընթացքում, որից հետո եւս 2 համալիր կարտադրվի հենց Թուրիքայում։ Ռուսական կողմը դեռեւս հրաժարվել է տեղեկության մեկնաբանությունից։ Bloomberg–ը հիշեցրել է, որ նախկինում Թուրքիան համանման համալիրներ ձեռք բերելու հարցում պայմանավորվել էր նաեւ Չինաստանի հետ, սակայն գործարքից հրաժարվել է ՆԱՏՕ–ի քննադատությունից հետո։ ԱՄՆ ճնշման ներքո Թուրքիան հրաժարվել է չինական ընկերությունից համակարգի գնումից, որը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ կապված Իրանին հրթիռներ վաճառելու կասկածների հետ։
Միևնույն ժամանակ գերծակալությունը նշում է, որ հաշվի առնելով ՌԴ-ՆԱՏՕ լարված հարաբերությունները, Ռուսաստանի հետ ռազմական գործարքի կայացումը նշանակում է, որ Անկարան երես է թեքել Հյուսիսատլանդյան դաշինքից:
Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն բավական զգայուն է վերաբերվում Ռուսաստանի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարին: Հատկապես, խոսքը Թուրքիայի՝ Ռուսաստանից С-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետեւանքների մասին է: Հարցի վերաբերյալ հետաքրքիր մեկնաբանություն է տվել ՆԱՏՕ-ի հարավկովկասյան կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահուն: Նա նշում է, որ այդ գործարքը, իհարկե, չի հարուցի ՆԱՏՕ անդամ պետությունների հրճվանքը, սակայն նա ընդունում է, որ դաշինքը չի կարող ստիպել Անկարային հետ կանգնել այդ քայլից:
«Տակտիկական եւ օպերացիոն մակարդակում ՆԱՏՕ-ում կան ստանդարտներ, սակայն ոչ բոլոր պետություններն են դրանց ամբողջ ծավալով հետեւում: Դրանք պարտադիր չեն բոլոր անդամների համար նաեւ զենքերի մասով: Ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանությանը, ապա ՆԱՏՕ-ն ունի ինտեգրված համակարգ, որի մաս է կազմում նաեւ Թուրքիան, ուստի ՀՕՊ համակարգերի ձեռք բերման հարցում կարեւոր է ՆԱՏՕ-ի մյուս անդամների կարծիքը»,- պարզաբանեց Լահուն: Լահուի խոսքերից պարզ դարձավ, որ Թուրքիան «լավ օրից չէ», որ փորձում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր ձեռք բերել: Արեւմտյանն ուղղակի թանկ է: Դրանց հիմնական արտադրողն Արեւմուտքի տեխնոլոգիապես զարգացած մասն է, ուստի գներն էլ «եվրոպական» են կամ «ամերիկյան»:
«Թուրքիան ժամանակին փորձում էր այս խնդիրը լուծել չինական համակարգերի միջոցով, քանի որ դրանք էժան են: Սակայն դաշնակիցները զգուշացրեցին, որ դրանք չեն կարող միացվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի կառավարման միասնական կիբեր եւ էլեկտրոնային համակարգին:
Մտահոգություն կար, որ այս կերպ Չինաստանը կարող է որոշակի ծրագրեր ներբեռնել մեր համակարգ եւ տեղեկություններ կորզել այնտեղից: Արդյունքում Թուրքիան ձեռք չբերեց այդ համակարգերը: Նույն խնդիրն է առաջանալու Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու պարագայում, ուստի հավանաբար նույն պատճառաբանությամբ Թուրքիային թույլ չեն տա միանալ ՆԱՏՕ-ի կառավարման միասնական կիբեր եւ էլեկտրոնային համակարգին»,- եզրափակեց նա: