Երկրորդ անգամ ՌԴ ԱԳՆ անդրադարձը դիվանագիտական էթիկայի հետ կապ չունեցող խնդրին՝ Ադրբեջանի տարածք հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների մուտքի հետ կապված զարմանք և չհասկացվածություն է առաջ քաշում: Այս մասին ԱՊԱ-ին ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:
Նշվում է, որ ռուսաստանյան կողմի ցուցադրվող անբարյացկամությունը որևէ կերպ չի համապատասխանում երկու պետությունների միջև առկա ռազմավարական հարաբերությունների մակարդակին.
«ՌԴ և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապերի հաստատման 25 տարիների ընթացքում նման հարց երբեք օրակարգում չի եղել: Դժվար է բացատրել ռուսական կողմի չափազանց ակտիվությունն այս հարցում: Ադրբեջանը նախապես զգուշացման ռեժիմի համապատասխան ստեղծել է բոլոր պայմանները հայազգի ՌԴ քաղաքացիների մուտքի համար: Երբեք խնդիր չի եղել: Բայց Ադրբեջանը, հաշվի առնելով ազգային անվտանգության հարցերը, ինքն է որոշում կայացնում օտարերկրյա քաղաքացիների մուտքի վերաբերյալ»,- արձագանքել են գերատեսչությունում:
ԱԳՆ-ից հայտարարել են նաև, որ զարմացած են՝ մինչ օրևէ այլ պետություն այս հարցին նման ուշադրություն չի հրավիրում, Ռուսաստանի դիրքորոշումը անհասկանալի է.
«ՌԴ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և մենք սպասում ենք, որ այդ երկիրը, ելնելով իր վրա դրված պատասխանատվութունից, ավելի շատ ջանքեր կգործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար և հայկական զորքերը դուրս կբերվեն Ադրբեջանի տարածքներից: Արդյունքում կհաստատվի խաղաղություն և կայունություն: Եվ Բաքվի այս դիրքորոշումը բազմիցս է հասցվել ՌԴ-ի գիտությանը»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուսաստանը պահանջել է Ադրբեջանի իշխանություններից դադարեցնել խտրական վերաբերմունքն այդ երկիր ժամանող այն ՌԴ քաղաքացիների նկատմամբ, ովքեր ունեն հայկական ազգանուններ: ՌԴ արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ ստիպված ենք հաստատել, որ Ադրբեջան ժամանող ռուսաստանցիներն իսկապես խտրականության են ենթարկվում էթնիկ սկզբունքի հիման վրա: Շարունակում ենք պահանջել դադարեցնել այդ զայրացնող խտրական գործելաոճը, որը չի համապատասխանում երկու երկրի միջև բարեկամական հարաբերություններին: Բնականաբար, եզրակացություններ ենք անելու ստեղծված իրադրությունից:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ 2017 թվականի ընթացքում ՌԴ 25 քաղաքացու արգելել են մուտք գործել Ադրբեջան: Նրանց մի քանի ժամով սպասեցրել են, որոշ դեպքերում անգամ առանց ուտելիք, ջուր և բժշկական օգնության, այնուհետև իրենց իսկ հաշվին հետ էին ուղարկել: Որպես պատճառաբանություն է նշվել նրանց հայկական ազգանունները, սակայն եղել են նաև դեպքեր, երբ «ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով անձանց հարցաքննել են հայկական նախնիներ ունենալու փաստը բացահայտելու նպատակով»:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք բազմիցս, այդ թվում և պաշտոնական նոտաների միջոցով պահանջել են դադարեցնել նման գործելաոճը, սակայն այդպես էլ չեն ստացել բավարարող պատասխան: «Ադրբեջանի ԱԳՆ պատասխան նոտայում ասվում է, որ «անցանկալի էքսցեսները կանխելու նպատակով Ադրբեջանը ստիպված է կիրառել համապատասխան կարգավորումներ մի շարք անձանց նկատմամբ»,- նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից: