«Վերադառնալ բանակցային սեղանի շուրջ». ԱՄՆ-ի կոչը ԼՂ հակամարտության կողմերին
ԱՄՆ-ն մտահոգությունն է հայտնել հուլիսի 4-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտումների և լարվածության կտրուկ աճի վերաբերյալ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է երեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտումների առնչությամբ, որի հետևանքով զոհեր են գրանցվել քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխա: «Դա տեղի է ունեցել շփման գծի մոտ: Մենք ցանկանում ենք մեր ցավակցությունները հայտնել զոհերի ընտանիքներին»,- ասել է նա:
Պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին՝ մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Մեր քաղաքականությունը հստակ է մնում այդ տարածաշրջանում. այս հակամարտության միակ լուծումը բանակցությունների միջոցով կարգավորումն է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, որը ներառում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներին հավատարմությունը»,- նշել է Նոյերթը:
Հիշեցնենք, հուլիսի 4-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով հակառակորդը կորուստներ ունի:
Հուլիսի 4-ի դեպքերի առնչությամբ հայտարարությամբ հանդես էր եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Բռնությունը ծնում է բռնություն, ուրիշ ոչինչ: Միակ ընդունելի և մարդկային ուղին այս երկարատև հակամարտությունը լուծելու համար վերադառնալն է բանակցությունների սեղան»,- ասված է հայտարարության մեջ:
ԼՂ համակարտության գոտում իրավիճակի կտրուկ լարման մասին խոսել էր նաև ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի խոսքով հետագա արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անընդունելի է Ռուսաստանի համար: Նար խաոսքվ, պաշտոնական Մոսկվան կոչ է անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակի կայունացման համար: