«Զայրացնող խտրական գործելաոճ». Մոսկվան զգուշացրել է Բաքվին
Ռուսաստանը պահանջել է Ադրբեջանի իշխանություններից դադարեցնել խտրական վերաբերմունքն այդ երկիր ժամանող այն ՌԴ քաղաքացիների նկատմամբ, ովքեր ունեն հայկական ազգանուններ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: «Ստիպված ենք հաստատել, որ Ադրբեջան ժամանող ռուսաստանցիներն իսկապես խտրականության են ենթարկվում էթնիկ սկզբունքի հիման վրա: Շարունակում ենք պահանջել դադարեցնել այդ զայրացնող խտրական գործելաոճը, որը չի համապատասխանում երկու երկրի միջև բարեկամական հարաբերություններին: Բնականաբար, եզրակացություններ ենք անելու ստեղծված իրադրությունից»,- հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ 2017 թվականի ընթացքում ՌԴ 25 քաղաքացու արգելել են մուտք գործել Ադրբեջան: Նրանց մի քանի ժամով սպասեցրել են, որոշ դեպքերում անգամ առանց ուտելիք, ջուր և բժշկական օգնության, այնուհետև իրենց իսկ հաշվին հետ էին ուղարկել: Որպես պատճառաբանություն է նշվել նրանց հայկական ազգանունները, սակայն եղել են նաև դեպքեր, երբ «ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով անձանց հարցաքննել են հայկական նախնիներ ունենալու փաստը բացահայտելու նպատակով»:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք բազմիցս, այդ թվում և պաշտոնական նոտաների միջոցով պահանջել են դադարեցնել նման գործելաոճը, սակայն այդպես էլ չեն ստացել բավարարող պատասխան: «Ադրբեջանի ԱԳՆ պատասխան նոտայում ասվում է, որ «անցանկալի էքսցեսները կանխելու նպատակով Ադրբեջանը ստիպված է կիրառել համապատասխան կարգավորումներ մի շարք անձանց նկատմամբ»,- նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ Բաքվում ձերբակալված հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանը ապրիլի 28-ին դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: ՌԴ քաղաքացիներ Մարատ Ուելդանովը և Ելենա Մակարենկոն 2016 թվականի հուլիսի 9-ին բերման էին ենթարկվել Բաքվում: 15 օր անց Մակարենկոն ազատ էր արձակվել: Ինչպես հայտնել են Ուելդանովի և Մակարենկոյի հարազատները` Մարատին սկզբնական շրջանում մեղադրում էին Հայաստանի օգտին լրտեսելու մեջ, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ թմրանյութերի պահման և տարածման մեղադրանք առաջադրեցին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բաքվում բանտարկված Մարատ Ուելդանով-Գալուստյանը բողոքարկել է իր նկատմամբ կայացված վճիռը: