24.11.2024
Ընդլայնվում են Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի տարածաշրջանային հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Բաքուն օգտագործում է իր խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան. ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հուլիսի 6-ի հանդիպման ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից ս.թ. հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ հրադադարի խախտման իրադարձության վերաբերյալ:


Այս մասին Tert.am-ին հայտնել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը:


«ԵԱՀԿ Մշտական խորհրդի այսօրվա՝ հուլիսի 6-ի հանդիպման ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակությունը հանդես եկավ հայտարարությամբ Ադրբեջանի կողմից ս.թ. հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ հրադադարի խախտման իրադարձության վերաբերյալ՝ նշելով, որ ռմբակոծությունն իրականացվել է ՏՌ 107 Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, 82 տրամաչափի ականանետերի կիրառմամբ ադրբեջանական Ալխանլի գյուղից, որի մանրամասները փաստագրվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից:


Ընգծվեց, որ 2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանական կողմն առաջին անգամ է օգտագործում նմանատիպ տրամաչափի ռազմական սարքավորումներ: Նշվեց, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները հակադարձվել են Արցախի Պաշտպանության բանակի կողմից, որի արդյունքում զոհվել են երկու քաղաքացիական անձ: Այս կապակցությամբ հիշատակվեց, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանն օգտագործում է իր խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան, ինչը դատապարտվում է Հայաստանի կողմից՝ որպես միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում:


ՀՀ առաքելության հայտարարության մեջ ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում ԵԱՀԿ ներկայության ընդլայնման հրատապությունը, որը կնպաստի հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և քաղաքացիական բնակչության կորուստների կանխարգելմանը: Այս կապակցությամբ Հայաստանը հերթական անգամ իր պատրաստակամությունը հայտնեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացնելու ուղղությամբ, որոնք Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել և դրանով իսկ պատասխանատվություն կրում անվտանգության իրավիճակի վատթարացման հարցում»: