Ընդլայնվում են Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի տարածաշրջանային հնարավորությունները
Հուլիսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Օ. Բաժենովի գլխավորած պատվիրակությանը և Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վ. Կուվշինովին:
Ողջունելով հյուրերին ԱԻ նախարարը նախանշեց այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պետք է կառուցվի հայ-ռուսական փրկարարական համագործակցությունը՝ որպես հենք ունենալով Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը:
Քննարկվեցին փրկարարական ուժերի վերապատրաստման, փորձի և փորձագետների փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև մասնագետների ուսուցումը տեղում և հեռահար մեթոդով՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներգրավմամբ:
Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վ. Կուվշինովը հնարավոր համարեց նաև հայկական կողմին օժանդակել հրշեջ-փրկարարական տեխնիկայի արդիականացման գործընթացում:
Կողմերը քննարկեցին Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի արձագանքման ծավալների ընդլայնման հնարավորությունները և Կենտրոնի Ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածության հիմնահարցերը: Լինելով միակը տարածաշրջանում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը հնարավորություն կտա աղետներին հումանիտար արձագանքումն իրականացնել միջտարածաշրջանային մակարդակով:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ծանոթացան վերջինիս տեխնիկական հագեցվածությանն ու գործառույթներին:
Նշենք, որ այսօր Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում կայացավ կենտրոնի ղեկավարման բարձրագույն մարմնի՝ առաջին նիստը, որի ընթացքում կողմերը ստորագրեցին 3 արձանագրություն հետևյալ հարցերի վերաբերյալ.
ՀՌՄԱԿ-ի և կենտրոնի շտաբի ղեկավարման համակարգի փոփոխության վավերացում
2017 թ. հիմնական միջոցառումների հստակեցում
2017, 2018-20 թթ. ՌԴ կողմից փրկարարական գույքի տրամադրում
ՀՀ ԱԻ նախարարության կադրերի վերապատրաստում և որակավորման բարձրացում: