VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը զրուցել է «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ: «Պարոն Բազեյան, վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները պատերազմի վերսկսման հավանականության մասին, նաեւ Միջազգային ճգնաժամային խումբն է այդ առթիվ զեկույց պատրաստել: Որպես պատերազմով անցած մարդ, նման նախադրյալներ տեսնո՞ւմ եք:
Չեմ կարծում, որ պատերազմը մոտ է: Չեմ կիսում այդ կարծիքը: Նույն վիճակն է, ինչ տարիներ շարունակ եղել է, առանձնահատուկ բան չկա: Պատերազմը հանկարծակի չի սկսվում, զինաշարժ պետք է լինի, զորքերի տեղաշարժ պետք է լինի:
Սակայն մենք տեսանք, որ ապրիլյան պատերազմը գոնե հայկական կողմի համար հանկարծակի սկսվեց:
Ապրիլյան քառօրյան լիարժեք պատերազմ չէր, դա ընդամենը մի քիչ ավելի սուր բախում էր, քան մնացած տարիներին եղել էր:
Ամեն դեպքում, դա քառօրյա պատերազմ էր, եւ մենք բավական շատ զոհեր ունեցանք: Կարծում եք, մենք հիմա ավելի պատրաստվա՞ծ ենք, քան ապրիլյան պատերազմի ժամանակ:
Այո, իհարկե: Ես առանձնահատուկ մասնակցություն չեմ ունենում, բայց հետեւում եմ իրավիճակին, հետեւում եմ գնահատականներին, արված գործերին, կարծում եմ ավելի պատրաստված ենք: Ապրիլյան պատերազմի ժամանակ ես ինքս ի վիճակի չէի գնալու, բայց որոշակի կազմակերպչական հարցերով զբաղվել եմ, իսկ «Նիկոլ Դուման» ջոկատի տղաները գնացել էին տարբեր տեղեր:
Պարոն Բազեյան, չե՞ք կարծում, որ Ձեր վերադարձի պահանջը կա հասարակական եւ քաղաքական դաշտ գալու: Ուզո՞ւմ եք վերադառնալ:
Շնորհակալություն, բայց քաղաքական գործունեության վերադառնալու ցանկություն չունեմ, իսկ հասարակական..., բոլորս էլ որոշակի պարտավորություններ ունենք մեր հասարակության, մեր քաղաքացիների հանդեպ»:
«Իրատես» թերթը գրում է. «Ըստ ամենայնի, առաջիկայում Հայաստանի մանրածախ առեւտրի ամբողջ դաշտը կաշխատի ՀԴՄ-ով։ Համենայն դեպս, կառավարությունը նպատակ ունի այդ դաշտը ամբողջությամբ ծածկելու ՀԴՄ-ով, ինչի համար անհրաժեշտ է 6,5 մլն դոլարին համարժեք դրամ։ Ինչ խոսք, փոքր գումար չէ, եւ, բնականաբար, հարց է առաջանում՝ կա՞ արդյոք այդ ներդրողը, կամ ի՞նչ միջոցներով է 6,5 մլն դոլարանոց ծրագիրն իրականացվելու։ Այս դեպքում պատասխանը հայտնի է՝ վարկային միջոցներով։ Նորություն չէ, որ վերջին տարիներին կառավարությունը, ինչպես ասում են, «յոթ երգ գիտի, յոթն էլ վարկերի մասին»: Ինչեւէ: Ի՞նչ պայմաններով է այդ վարկը տրվելու, հավանաբար այս պահին գիտեն երկու հոգի՝ ֆինանսների նախարարը եւ ՊԵԿ-ի նախագահը։ Համենայն դեպս, ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության երեկվա նիստում վստահեցրեց, որ աշխատում են ֆինանսների նախարարության հետ եւ մեկ-երկու օրից առաջարկ կներկայացնեն վարչապետին։ Հիշեցնենք, որ ՀԴՄ-ով մանրածախ առեւտրի դաշտը ծածկելու գործընթացի հիմքում ստվերի դեմ պայքարն է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, պարզվում է՝ միակը չէ, որ կարծում է, թե մարդկանց չի կարելի «գործ տվող» սարքել՝ հակակոռուպցիոն պայքարի մեջ ներառելով անանուն ազդարարի ինստիտուտը։ Երեկ ինքը՝ Կարապետյանը, չէր եկել ԱԺ նիստին, որի ժամանակ քվեարկվեց հակակոռուպցիոն օրինագիծը։ Ներկաներից այդ օրինագծի օգտին չքվեարկեց ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն։ Օրինագիծն ընդունվեց 88 կողմ, առանց դեմ եւ ձեռնպահ ձայների։ Չնայած պառլամենտի «քյառթու» պատգամավորները քվեարկությունից հետո միջանցքներում փնթփնթում էին, թե վերադառնում ենք 37 թիվ՝ խրախուսվում են «կլյաուզնիկները»։ Ի դեպ, եկող շաբաթ կրկին արտահերթ նիստ կհրավիրվի, կառավարությունն ԱԺ կներկայացնի իր ծրագիրը»։
«Իրատես» թերթը գրում է. «Նոր խորհրդարանն արդեն երրորդ անգամ արտահերթ նիստ է հրավիրում, սակայն «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը չի ներկայանում աշխատանքի: Կարծես նրա «դարդերը» քիչ էին, մեկն էլ ավելացավ. կնոջը` Գայանե Սողոմոնյանին, ազատեցին աշխատանքից: Երդում չկերած, աշխատասենյակների համար կռիվ չտված Իշխան Զաքարյանը, պարզվում է, ԱԺ-ն այնքան էլ չի սիրում: ՎՊ նախագահ եղած տարիներին սեփական հաշվետվությունը խորհրդարանին հիմնականում ներկայացնելու էր գալիս նրա տեղակալը, հիմա էլ օրենսդրական գործունեությամբ չի ցանկանում զբաղվել: Զարմանալի ու զավեշտալի իրավիճակ է. եթե խորհրդարանում լինելու ցանկություն չուներ, ինչո՞ւ էր մանդատակռիվ տալիս: Աննախանձելի վիճակում է նախկին պաշտոնյան, չգիտի` մնա պատգամավոր ու խորհրդարանի երեսը չտեսնի՞, թե՞ մանդատը վայր դնի ու հեռու մնա քաղաքականությունից: Իսկ մտորումների համար նա ԱԺ-ում անգամ սեփական սենյակ չունի. Իշխան Զաքարյանի անունով դեռ սենյակ հատկացված չէ: Երևի ԱԺ-ն էլ է բոլոր հաշիվները փակել ՎՊ նախկին ղեկավարի հետ»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամեն բառը չափող-ձեւող, ջրից միշտ չոր դուրս եկող դաշնակցականներն արդեն մի քանի օր է իրենց խորհրդարանական խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Կարապետյանի անդրանիկ ելույթից հետո մեկ նրան «ուրանում» են, հայտարարելով, թե նա դաշնակցական չէ, անկուսակցական է, մեկ էլ թե` ուղղակի խոսքը ճիշտ չի ձեւակերպել: Իսկ իրականում, ասում են, ՀՅԴ-ի գաղափարական հատվածն իսկապես վրդովված է երիտասարդի պահվածքից եւ նրան առաջարկել է այսուհետ ելույթները համաձայնեցնել կուսակցական փորձառու ընկերների հետ: Այլապես «դալաններում ծեծվելու» հերթը ՀՅԴ-ինն է»:
«Առավոտ» օրաթերթն այսօրվա իր խմբագրականում գրում է. «Իրանը պետության դարավոր փորձ ունի, տեսանելի պատմական անցյալում չի եղել այլ պետության կազմում, չի հանդիսացել մեկ այլ պետության գաղութը: Իրանցիները չեն ցանկանում լինել որեւէ մեկի խամաճիկը: Նրանք, ովքեր գերադասում են գործ ունենալ խամաճիկների հետ (իսկ այս պահին նման երկու երկիր կա՝ Ռուսաստան և Միացյալ Նահանգներ), այդ երկու երկրների ղեկավարությանը ինքնուրույն լինելու ձգտումը նյարդայնացնում է: «Խամաճիկներ սիրող» ավելի թույլ և աղքատ երկիր կա՝ Ռուսաստանը, որը գործում է նույն տրամաբանությամբ՝ «եղեք մեր խամաճիկները, թե չէ կկտրենք ձեր գազը, չենք թողնի, որ դուք նավթ վաճառեք, կամ զենք կտանք ձեր հակառակորդներին»: Իսկ դուք չե՞ք մտածում, որ 21-րդ դարում կգա մի օր, երբ ձեր նավթն ու գազը ոչ մեկին պետք չեն լինելու: Այնպես որ, չարժե նյարդայնանալ, երբ ազգերը հրաժարվում են լինել ձեր խամաճիկը, փորձեք ձեռք բերել անկեղծ բարեկամներ»: