25.11.2024
Մամուլ. Խնձորները եղել են լեհական, պարզապես պիտակավորվել են Ադրբեջանում. նոր զարգացումներ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն պատրաստ չի որևէ ներդրում թույլ տալու՝ գերկուռումպացված և օլիգարխիկ համակարգի պատճառով

Հայաստանում, անշուշտ, կլինեն նախաձեռնություններ ու որոշակի ներդրումներ, բայց օբյեկտիվորեն Հայաստանը պատրաստ չի որևէ ներդրում թույլ տալու՝ համակարգն այդպիսինն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ արձագանքելով հարցին, թե որքանո՞վ Հայաստանի ներդրողների ակումբը կնպաստի երկրում ներդրումների աճին:


«Կլինեն նախաձեռնություններ, նախագծեր, որ հաջողությամբ կիրականացվեն, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ աշխարհը ձգտելու է Հայաստանում խնդիրներ լուծել: Մեր երկիրը մնում է գերկուռումպացված, օլիգարխիկ համակարգով երկիր և բանը բանից անցավ հատկապես վերջին ընտրություններից հետո՝ պառլամենտը գրավել են, քաղաքական տգիտությունն էլերբեք այսքան անկաշկանդ ու լավ չի զգացել Հայաստանում, այսքան անզուսպ չի եղել, որքան հիմա է»,- ասաց նա:


Բանախոսը մատնանշեց այն հանգամանքին, որ հայաստանյան 1400 ներդրողներ որոշում են կայացրել Վրաստանում ներդրում անել այն բանից հետո, երբ Վրաստանի հետ կնքվեց Մետաքսի ճանապարհի վերաբերյալ համաձայնագիր: Սա, ըստ Ասատրյանի մտահոգիչ է, թեև արդարացված՝ Վրաստանում ավելի լավ, ավելի մատչելի ու բարվոք պայմաններ են: Իսկ մեր համակարգի խնդիրներից բացի, որոնք նա թվարկեց, գումարվում է նաև այն, որ սովորական մարդը Հայաստանում չի կարող ներդրում անել:


Անդրադառնալով տնտեսական ակտիվությանը, Բագրատ Ասատրյանը նշեց, որ տարեսկզբին դրական արդյունքներ են արձանագրվել՝ տնտեսական ակտիվությունը 5.7 տոկոսով աճել է: Կա նաև արտահանման աճ ներմուծման նկատմամբ:


Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-ապրիլին՝ 2016 թվականի հունվար ապրիլի նկատմամբ, կազմել է 105.7%։ Հիշեցնենք, որ հունվար-մարտ ժամանակահատվածի կտրվածքով տնտեսական ակտիվության աճի տեմպն ավելի բարձր էր՝ 6.6%։


Ինչպես նշում է b4b.am-ը կայքը, աճի տեմպի նվազումը պայմանավորված է ապրիլ ամսվա ցուցանիշով։ Այս տարվա ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 3.7%-ով։ Մինչդեռ մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ, ակտիվության աճը 6.8% էր։ Ի դեպ, հիշեցնենք, որ 2016 թվականի հունվար-ապրիլին՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճի տեմպը նույնն էր՝ 5.7%: 2016-ի հունվար-մայիսին ցուցանիշը մնաց նույնը, հետո սկսեց նվազել։


 «Շինարարության բավականին խոր անկում կա, սա բնութագրող է ընդհանուր տնտեսական վիճակի համար, սա որոշիչ է ընդհանուր զբաղվածության համար»,- ասաց նա:


Այս տարվա հունվար-ապրիլին իրականացված շինարարության ծավալը կազմել է 52.9 մլրդ դրամ, ինչը 13.4%-ով ցածր է նախորդ տարվա հունվար-ապրիլի ցուցանիշից։ Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում շինարարության անկումը գրեթե նույնքան էր՝13.7%: Այսինքն, անկումային ցուցանիշը 0.3 տոկոսային կետով թուլացել է, սակայն դա բավարար չէ տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա էական ազդեցություն թողնելու համար։


 10 տոկոսով տրանսֆերտների աճ կա, նկատեց բանախոսը, սակայն նրա խոսքով, խոսել տնտեսական զարգացումների մասին չի կարելի, իսկ էներգետիկայի ոլորտում անկում կա: «Տնտեսության համար արտաքին ազդակները բավականին դրական են, բայց չմոռանանք, որ նախորդ տարի թվանկարչությունը բավականին վառ է եղել, հատկապես գյուղատնտեսության ոլորտում»,-թվարկեց ԿԲ նախկին նախագահը՝ հավելելով, որ այս տարի դրական սպասումներ կան, որոնք ուղղակիորեն կապ ունեն Ռուսաստանի հետ. ՌԴ-ում ակնկալվում է 1-2 տոկոս տնտեսական աճը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա նաև Հայաստանի վրա:


Գյուղատնտեսության ոլորտում անկումը խորանում է, նշում է B4b.am-ը: 2017 թվականի հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղոլորտի արտադրանքի ծավալը նվազել էր 1.5%-ով, իսկ հունվար-ապրիլի կտրվածքով անկումը խորացել է մինչև 2.9%: Ամսական կտրվածքով նույնպես դինամիկան հուսադրող չէ։ 2017-ի մարտին՝ 2016-ի մարտի համեմատ, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կրճատվել էր 3.7%-ով, իսկ ապրիլը՝ ապրիլի համեմատ` 5%-ով։


Ամենից մտահոգիչը, ասաց նա, երկրում շարունակում է մնալ արտագաղթի բարձր տեմպերը՝ 2017 թվականի առաջին եռամսյակում մեկնածների ու ժամանածների թիվը էականորեն տարբերվում է:


«Անցած տարի Հայաստանը լքել է 55 հազար մարդ, ինչը ռեկորդային թիվ է ուղղակի՝ ՀՀ առկա բնակչության 2 տոկոսն է կազմում: Ժողովրդագրական տեսանկյունից մենք հասել ենք այն սահմանը, որից հետո այլևս սուտ խոսել չի կարելի, այժմ ծնելիության ու մահացության թվերը մոտեցել են իրար, գալու է մի ժամանակ, երբ բնակչության բնական նվազում է լինելու»,- հավելեց տնտեսագետը: