VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռեւս չի փակվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊԵԿ-ը պարզել է, որ իրականում այդ խնձորները եղել են լեհական, պարզապես պիտակավորվել են Ադրբեջանում: Այդ երկրում են պիտակավորվում նաեւ մերձարեւադարձային մրգեր, այդ թվում՝ կիվի: Պարզվում է՝ այս օրերին մաքսային տեսուչներն արգելում են Հայաստան ցանկացած տեսակի խնձորի ներկրումը, եթե դրանց վրա չկան պիտակներ՝ ապահովության համար: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանում չկա Ադրբեջանից ու, առհասարակ, որեւէ երկրից որեւէ ապրանք ներկրելու իրավական սահմանափակում. ժամանակին նման արգելք եղել է 2009թ. գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանի հրամանով, որը, սակայն, Սերգո Կարապետյանը 2013թ. հունիսին չեղյալ էր հայտարարել: Հետաքրքիրն այն է, որ այս աղմուկից հետո անգամ ադրբեջանական ծագման ապրանքներն արգելելուն ուղղված որեւէ իրավական ակտ չկայացվեց, փոխարենը սահմանին շարունակվում են կամայական գործողությունները՝ ֆեյսբուքյան հասարակության դժգոհությունը չհարուցելու զգուշավորությունից դրդված»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատարանների նախագահներին հանձնարարել է առանձնազրույցներ ունենալ դատավորների հետ՝ բացատրելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է ազդարարված, հետեւաբար՝ պետք չէ այս պահին կաշառք վերցնել: Նման հանձնարարական Մկրտումյանն իջեցրել է այն բանից հետո, երբ կաշառք վերցնելու համար ձերբակալվեց Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը, ավելի վաղ ձերբակալվել էր Շենգավիթի դատավոր Իշխան Բարսեղյանը: Նույն աղբյուրների պնդմամբ՝ դատավորները Մկրտումյանի հանձնարարականը համարում են շոու, եւ ասել են, թե իրենց չպետք է բացատրել՝ որ արարքն է քրեորեն պատժելի արարք, որը` ոչ, առավել եւս, երբ իշխանությունն ինքը կոռումպացված է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել: Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ առաջիկայում դեռ մի քանի նշանակումներ կլինեն: Մասնավորապես հնարավոր է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշանակվի Լոռու մարզպետ՝ փոխարինելով Արթուր Նալբանդյանին, իսկ Արմավիրից ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայներն ապահոված Նահապետ Գեւորգյանը (Նովո) մարզպետի պաշտոնում կարող է փոխարինել Աշոտ Ղահրամանյանին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխան Զաքարյանը պատգամավորի կարգավիճակում երկար չի մնա եւ հնարավոր է ընդհանրապես ոտք չդնի ԱԺ։ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նա զգուշորեն ակնարկել է, որ դեմ չէր լինի զբաղեցնել նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, որն զբաղեցնում էր այժմ պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանը։ Սակայն երեկ այս պաշտոնը վերադարձվեց նախկին «տիրոջը»՝ Հովիկ Հովսեփյանին, ով այդ պաշտոնում է եղել 2008-2016թթ., 2016-ին հինգ ամիս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ է աշխատել, իսկ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո ազատվել է այդ պաշտոնից։ Ընտրությունների շրջանում նա զբաղված էր ընտրությունների ընթացքը վերահսկելով եւ, ըստ ամենայնի, արդարացրել է նախագահի հույսերը: Ի դեպ, այս կառույցը գործելու է մինչեւ 2018 թ.»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը որոշել է դեմ չքվեարկել կառավարության ծրագրին: ԲՀԿ-ականները իրենց զրույցներում չեն էլ թաքցնում, որ սպասում են մայիսի 30-ի արտահերթ նիստում ԱԺ բերվելիք կառավարության գործունեության ծրագրին ծանոթանալուն եւ հավանության արժանացնելուն: Ամենայն հավանականությամբ՝ Գագիկ Ծառուկյանն իր ղեկավարած ընդդիմադիր խմբակցության անդամներին թույլ կտա քվեարկել իրենց խղճի մտոք, նրանց խիղճն էլ ընդմիշտ իշխանության հետ է: Ինչպես հիշում եք՝ նախորդ անգամ ԲՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, բայց խմբակցության առանձին պատգամավորներ կողմ քվեարկեցին»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, 2016 թվականին 1 միլիոն 600 հազար դրամով երկու ավտոտնակ է գնել: Այս մասին armtimes.com-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից: Ռոբերտ Սարգսյանի նախորդ տարվա հայտարարագրում նշված է նաեւ, որ վերջինս 5 հազար ԱՄՆ դոլարով MERCEDES-BENZ VIANO տեսակի ավտոմեքենա է գնել: Նույն տարում Ռոբերտ Սարգսյանը վաճառել է իրեն պատկանող VAZ 2121 ավտոմեքենան կրկին 5 հազար ԱՄՆ դոլարով: 2016 թվականի դրությամբ նա ունեցել է 6 միլիոն 100 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում նույնությամբ պահպանվել է: Ռոբերտ Սարգսյանի եկամուտը նախորդ տարի կազմել է 6.1 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Պատգամավորի նախորդ տարիների հայտարարագրերի ուսումնասիրությունից էլ պարզ է դառնում, որ նա որպես անշարժ գույք ունի՝ բազմաբնակարան շենքերում՝ 6 բնակարան, 1 առանձնատուն, 4 հողամաս: 2012 թվականին նա ունեցել է 3 ավտոմեքենա՝ 1 Audi A4, 1 Mitsubishi Pajero եւ 1 VAZ 2121 տեսակի ավտոմեքենա, իսկ 2014 թվականին նա 35 հազար ԱՄՆ դոլարով գնել է Mercedes-Benz G500 տեսակի մեքենա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ Սերժ Սարգսյանը համառորեն խուսափում է խոսել իր քաղաքական ծրագրերի վերաբերյալ առավել որոշակի, անընդհատ բաց թողնելով դրա վերաբերյալ հարցերն ու թեման, հուշում է, որ, այդուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ գտնվում է նրա վերահսկողության տակ: Եթե Սերժ Սարգսյանը քիչ թե շատ ամբողջական կառավարեր իրավիճակը, ապա անկասկած կլիներ ավելի որոշակի, հատկապես խորհրդարանի «լավագույն» ընտրությունից հետո: Բայց Սարգսյանը անգամ դրանից հետո զբաղված է «հետքերը կորցնելով»:
Օրինակ՝ ԱԺ նախագահ է նշանակում մարդու, որը բացարձակապես հեռու է քաղաքականությունից, բժիշկ է, բայց երեւի արդեն բավականաչափ հեռացել է նաեւ բժշկությունից, համենայնդեպս՝ այնքան, որքան նստում է խորհրդարանում ՀՀԿ ցուցակով: Կամ՝ Սերժ Սարգսյանը իր վերահսկողական ծառայության ղեկավար վերստին նշանակել է Հովհաննես Հովսեփյանին, որին մինչ այդ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակաշրջանում նշանակել էր ՊԵԿ նախագահ: Հովհաննես Հովսեփյանը հայաստանյան իշխանական համակարգի նշանային ֆիգուրներից է: Մյուս կողմից՝ նախագահական վերահսկողական ծառայությունը «անցողիկ» ծառայություն է, եւ ակնհայտ է, որ Հովսեփյանի նշանակումը Սերժ Սարգսյանի հերթական «ժամանակավոր» կադրային լուծումն է, ինչն էլ ակնհայտ է դարձնում, որ այն տեղավորվում է «հետքերը կորցնելու» մարտավարության շրջանակներում:
Սերժ Սարգսյանի գործողությունները բացահայտում են նրա բուն նպատակը՝ թույլ չտալ, որպեսզի որեւէ մեկը հանկարծ գլխի ընկնի, թե ինչ է անում Սերժ Սարգսյանը կամ, այսպես ասած, արձանագրի նրա մտածողության կամ ծրագրային վեկտորը: Դա ամենեւին իրավիճակին տիրապետող մարդու գործողություն, գործունեություն կամ մարտավարություն չէ: Բայց որքան էլ տարօրինակ է, դրա շնորհիվ Սերժ Սարգսյանը կարողանում է կառավարել իրավիճակը կամ ստեղծել կառավարելու լիարժեք իմիտացիա:
Դրա առանցքային պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործնականում չկա քաղաքական ուժ, որն իր վրա վերցնի քաղաքական իրավիճակ ձեւավորելու պատասխանատվություն: Ի վերջո, պատահական չէ, որ քաղաքական ուժերը Հայաստանում իշխանությանն, այսպես ասած, ծանր իրավիճակի եւ այդ իրավիճակում իշխանության մոնոպոլ դիրքից դժգոհության մասին հասցեագրումներում որպես հետեւանք մատնանշում են հուլիսյան դեպքերը կամ ծայրահեղ համանման զարգացումներ: Այսինքն՝ նրանք մատնանշում են իրավիճակի զարգացման ծայրահեղ դրսեւորումներ, որոնց «հեղինակը» իրենք չեն լինելու: Այլ կերպ ասած՝ իշխանության հետ խոսում են ոչ թե իրենց ստեղծելիք քաղաքական իրավիճակների լեզվով, այլ «ուրիշի» ձեռքով հնարավոր ապաքաղաքական, ծայրահեղ զարգացումների լեզվով:
Այստեղ է հայաստանյան քաղաքական կյանքի անոմալության եւ ամլության արմատը, հիմքը: Այստեղ է նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության ուժը»: