Ստեփանակերտի օդանավակայանից կիրականացվեն թռիչքներ. էքստրիմալ տուրիզմի համար
Ստեփանակերտի օդանավակայանը և «Yell Extreme Park»ը համատեղ երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներ կկազմակերպեն Արցախի տարածքում։
«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող «Yell Extreme Park»ի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թռիչքներն իրականացվելու են Ստեփանակերտ-Շուշի երթուղով. տևողությունը՝ 20 րոպե:
«Կլինեն նաև թռիչքներ Ստեփանակերտ-Գանձասար ուղղությամբ», - նշեց Չիբուխչյանը։
Առաջին անգամ է, որ «Yell Extreme Park»ը Ենոքավանից դուրս միջոցառում է կազմակերպում: Հայաստանում և Արցախում կան բազմաթիվ էքստրեմալ և հետաքրքիր ժամանցի վայրեր ունենալու բոլոր հնարավորությունները։
Տիգրան Չիբուխչյանի խոսքով, երկտեղանոց ինքնաթիռով թռիչքների կազմակերպումը միտված է ապացուցելու, որ կարելի է հավուր պատշաճի օգտագործել մեր երկրի բոլոր ենթակառուցվածքները։