Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը Հայաստանում մարդու իրավունքների և հատկապես աշխատանքային իրավունքների խախտման ու անպաշտպանության վերաբերյալ այսօր նամակով դիմել է ՀՀ վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին.
«Որպես Երևանի ավագանու անդամ՝ այս թեմայով երկրորդ նամակն եմ գրում Ձեզ, ու Կառավարությունը մեր հասարակությանը հուզող այս կարևոր խնդրին որևէ կերպ պարտավոր է արձագանքել և լուծում տալ: Որքան էլ ԱԺ-ում Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը փակելով ուզում եք փաստել, որ մեր երկրում ՄԱՐԴՆ ու ԻՐ սահմանադրական իրավունքները պաշտպանելու միջոց ու ժամանակ չունեք, այնուամենայնիվ, ուզեք, թե չուզեք, պարտավոր եք, լսո՞ւմ եք պարտավոր եք պաշտպանել մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
ԱԺ-ն ապացուցեց, որ մեր երկրում մարդու իրավունքները թաղված են իր ոտքերի տակ՝ ճահճի մեջ ու Հայաստանի Հանրապետության թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների աշխատակիցների իրավունքները պաշտպանող կառույց մեզանում չի մնացել, չեն գործում արհմիությունները, այսինքն՝ չի գործում ՀՀ սահմանադրությունը, որտեղ գրված է.
Հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։
Սա ուղղակի բուտաֆորիա է, որովհետև այս պահին, երբ աջ ու ձախ շարունակվում են ոտնահարվել քաղաքացիների աշխատանքային իրավունքները, Հայաստանում չկա պետական մի մարմին, որը ձեռնարկի Սահմանադրությամբ ամրագրված՝ պետական այլ մարմինների առջեւ քաղաքացու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներն ու պաշտպանի Աշխատանքային օրենսգրքով կարգավորվող՝ քաղաքացու աշխատանքային իրավունքները: Չէ՞ որ ունեցել ենք այդ նպատակի համար ստեղծված պետական մարմինը, որը բոլոր նախորդ 3 վարչապետերի աչքի փուշն էր երևի, որովհետև նրանցից յուրաքանչյուրն այս մարմինը վերացնելու համար ամեն ինչ արեց:
2013-ին Սոցապի կազմում գործող աշխատանքային իրավունքի պաշտպանության տեսչությունը միավորեցին պետական հիգիենիկ համաճարակային տեսչության հետ՝ դարձավ առողջապահական պետական տեսչություն: Այնտեղ էլ 2015-ին աշխատանքային իրավունքների պաշտպանության մասով դադարեցվեց՝ մնաց աշխատողների առողջության պաշտպանություն, որը կառավարության վերջին նիստերից մեկով լուծարեցիք։ Ո՞ւր դիմի մեր այն քաղաքացին, ում աշխատանքային իրավունքները գործատուների կողմից աջ ու ձախ ոտնահարվում են: Նման օրինակները ամենուրեք են, Արարատի մարզում գործող մարզպետը կադրային ջարդ է սկսել, Գեղարքունիքի Վաղաշեն գյուղի դպրոցի գործող տղամարդ, պատմաբան կարգին տնօրենին լաբորանտն է փոխարինել, Երևանի թ.79 մանկապարտեզի 25-ամյա նորանշանակ տնօրենը ԱՕ-ի կոպիտ խախտումներով, առանց դատ ու դատաստանից վախենալու սկսել է ազատել աշխատողներին: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, ու համոզված ենք, որ այս անօրեններն, ի դեմս տարբեր մակարդակի պաշտոնյաների, ունեն «զորավոր» հովանավորներ:
Պարոն Կարապետյան, այս հրատապ խնդիրը պահանջում է լուծում, որի մասին խնդրում եմ հայտնել գրավոր: Չե՛ք կարող արհամարհել ՀՀ քաղաքացուն ու չպատասխանել»,- ասված է նամակում: