22.11.2024
Ստորագրվեց Որոտան հիդրոկասկադի գույքի առքուվաճառքի պայմանագիրը
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ 7 դրամով

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չհերքեց տեղեկությունները էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 7 դրամով բարձրացնելու մասին։ Ավելի վաղ այդ մասին ասել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։

Ռուսական Ինտեր ՌԱՕ-ին 100%-ոց բաժնեմասով պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հայտ է ներկայացրել:

Ընկերությունն առաջարկում է ցերեկային սակագներն այսօրվա 1կվտ համար նախատեսված 41.85 դրամից բարձրացնել 58.93 դրամ, իսկ գիշերային սակագները՝ գործող 31.85 դրամի փոխարեն սահմանել 48.93 դրամ: Այսպիսով, առաջարկվում է ցերեկային սակագները բարձրացնել 40%-ով, իսկ գիշերայինը՝ 53.6%-ով:

Վարչապետը ասաց, որ հիմա հաշվարկներ են կատարվում, որպեսզի պարզեն, թե ինչ ազդեցություն կունենա այդ թանկացումը տնտեսության վրա, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

«Հաշվարկում ենք ազդեցությունը մեր տնտեսության վրա և մեր բնակչության վրա: Նաև փորձելու ենք մեր նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի իրենք այդ բեռը չզգան: Ուղղակի թող հանձնաժողովը հաստատի, և մենք դրա հետևանքների մասին բարձրաձայն խոսելու ենք», - հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը ասաց, որ սպասում են էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խորհրդարանում հունիսի 12-ին անցկացվելիք լսումներին, որին ներկա կլինեն ոլորտի պատասխանատու նախարարները։ Նա վստահեցրեց՝ ՀԷՑ-ի չհիմնավորված ծախսերը օրինակ՝ թանկարժեք մեքենաների վարձավճարները, թանկացման հիմք չեն լինի։

Մեկ ամիս առաջ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ թանկացման պատճառներից մեկն էլ՝ «ՀԷՑ-ում վատ կառավարումն ու գողությունն է եղել»։ Հարցին, թե արդյոք իրավապահները չեն պատրաստվում ստուգումներ սկսել գողության փաստեր բացահայտելու համար, Աբրահամյանը պատասխանեց, որ նախարարի հայտարարությունը չի լսել, փաստեր էլ չունի։

«Ասել է՝ բացթողումներ: Ամեն դեպքում, ես հետամուտ կլինեմ, կհասկանամ՝ ինչի մասին է խոսքը: Եթե կան նման բան, ուրեմն պետք է դիմել պատկան մարմիններին, որոնք կզբաղվեն այդ գործով: Ես որևէ փաստ չունեմ կոնկրետ», - արձագանքեց վարչապետը: