VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. ««Ռուսաստանյան երկաթուղի» ընկերության տնօրեն
Վլադիմիր Յակունինը հայտարարել է, թե Իրան-Հայաստան երկաթուղին արդյունավետ լինել չի կարող: «Դա նույնն է, թե պատի մեջ ոչ մի տեղ չտանող պատուհան բացես՝ դեպի հարևանի տուն»,- ասել է նա: «ՉԻ» – Ուշադրություն դարձրեք՝ «ոչ մի տեղ չտանողը» փաստորեն Հայաստանն է, որովհետև Ռուսաստանն Իրանի հետ երկաթուղային կապ ունի, իսկ Հայաստանի հետ՝ չունի: Այդ կապը կվերականգնվի միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում, բայց եթե նման բան տեղի ունենա՝ նոր երկաթուղին այսպես թե այնպես անիմաստ է: Չէ՞ որ Հայաստանն Իրանին կապող երկաթուղի վաղուց կա (Նախիջևանով), պարզապես չի գործում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հրամանատար
Մովսես Հակոբյանն առաջիկայում Հայաստանում նոր պաշտոն կստանա: Տեղեկությունն, իհարկե, որեւէ կերպ ո՛չ հաստատվեց, ո՛չ հերքվեց, բայց պարզվում է՝ ոչ էլ լուծում է ստանալու: Պատճառն այն է, որ ի սկզբանե մտադրություն է եղել Հակոբյանին Արցախից բերել եւ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել՝ այդ պաշտոնից ազատելով գեներալ
Յուրի Խաչատուրովին: Սակայն «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Խաչատուրովի ռուս գործընկերները կտրուկ դեմ են արտահայտվել նրա պաշտոնանկության գաղափարին, ինչի պատճառով հարցը առկախվել է»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Մինչ ՀՀ իշխանությունները «լացում են» էներգետիկ համակարգում կուտակված պարտքերի թեմայով, հայտարարում, որ այդ պարտքերը կուտակվել են օբյեկտիվ պատճառներով, պարզվում է, որ այդ համակարգից ֆինանսավորվել են էլիտար կառույցներ: Մասնավորապես՝ «Որոտանի կասկադի» գործունեությունից ստացված գումարներով ֆինանսավորվել է «Ընդունելությունների տուն » ՓԲԸ-ն, շենքի հիմնանորոգման, կահուքի ձեռք բերման և շահագործման ծախսեր: Այս նպատակով «Որոտանից» վերցվել է ավելի քան 1.5 մլրդ դրամ պարտքով: Հիմա կառավարությունը որոշել է փակել այդ պարտքը կասկադի վաճառքից ստացվելիք գումարներով: Այդ գումարներով կառավարությունը մտադիր է փակել տարբեր ընկերությունների ունեցած ավելի քան 17 մլրդ դրամի կամ՝ 35 մլն դոլարի պարտք: Այս հարցը ներառված է կառավարության այսօր կայանայիք նիստի օրակարգում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախկին նախագահ
Գագիկ Ծառուկյանը ստացավ ամբողջական վերահսկողություն Կոտայքի մարզի նկատմամբ. մարզպետը նրա փեսան է՝
Կարապետ Գուլոյանը, իսկ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը ընտրվեց առավելապես Ծառուկյանի աջակցությամբ: Իսկ ինչպես պետք է Ծառուկյանը փոխհատուցի իշխանության իր նկատմամբ դրսեւորած նման բարեհաճության դիմաց, կամ հանուն ինչի իշխանությունը Կոտայքի մարզը թողեց Ծառուկյանի տնօրինման տակ»: