Ստորագրվեց Որոտան հիդրոկասկադի գույքի առքուվաճառքի պայմանագիրը
Կառավարությունում հունիսի 8-ին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և ամերիկյան նկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը ստորագրել են «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» գույքի առքուվաճառքի մասին պայմանագիրը:
Ինչպես փոխանցում են կառավարության մամլո ծառայությունից, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը ստորգրվել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ: Հիդրոկասկադի գույքը վաճառվել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերություններին:
Վաճառք լոբինգի արդյունքում
Որոտանի ՀԷԿ-ի գույքը վաճառվել է ամերիկյան ընկերությանը 180 միլիոն դոլարով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014թ.-ի հուլիսին հայտարարել էր, որ գործարքում կան բացթողումներ, որոնք պետք է շտկվեն և անորոշ ժամանակ սառեցրել էր այն: «Կան դրույթներ, օրինակ, որ եկամտաբերությունը շատ բարձր է՝ 23.5%, ինչի հետ սկզբունքորեն համաձայն չեմ: Նմանատիպ գործարքները Հայաստանում դեռևս չեն կնքվել, որպեսզի գնորդ ընկերության եկամտաբերությունը լինի այդքան բարձր», - նշել է ՀՀ վարչապետը:
Մինչ այդ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը նախազգուշացրել էր Երևանին՝ Որոտանի վաճառքից հրաժարվելու դեպքում հնարավոր հետևանքների մասին: «Մենք հույս ունենք, որ համաձայնություն ձեռք կբերվի: Եթե այս պայմանագրի հետ ոչինչ չստացվի, դա շատ լուրջ ազդակ կլինի արևմտյան ներդրողների համար: Դա ցույց կտա, թե ինչքանով է Հայաստանը պատրաստ այդպիսի լուրջ և խոշոր պայմանագրերի իրականացմանը», - նշել է դեսպանը:
Փաստաթուղթը երկարատև քննարկումներից ու լոբինգինց հետո ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» ընկերությունների լիազորված անձ/ներկայացուցիչ, «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը:
Մինչ ստորագրման արարողությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտին: Կառավարության ղեկավարը ողջունել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի պայմանագրի ստորագրումը` որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կարևոր քայլ:
"Երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում վարչապետը կարևորել է նաև մայիսին Վաշինգտոնում «Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» ստորագրումը, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում ներդրումների ներգրավման, ապրանքաշրջանառության և առևտրի խրախուսման համար", - ասված է Կառավարության հաղորդագրության մեջ:
Ջոզեֆ Բրանդտն աննախադեպ է համարել «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի պայմանագրի ստորագրումը և ընդգծել, որ իրենք շահագրգռված են մեծածավալ ներդրումներ կատարել` Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի արդիականացման և լիարժեք գործարկման համար:
Ամենախոշորը ամերիկյան ներդրումը
«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի 100%-ոց բաժնեմասը մինչև գործարքը պատկանում էր պետությանը: Այդ համալիրի մեջ են մտնում Որոտան գետի վրա գտնվող Տաթևի, Շամբիի և Սպանդարյանի երեք ՀԷԿ-րը: Երեք ՀԷԿ-երը միասին արտադրում են 404.2 ՄԳվ էլեկտրաէներգիա՝ տարեկան 1.16 միլիարդ կՎտ/ժամ հզորությամբ:
Նշենք, որ համալիրը արդիականացման կարիք ունի, իսկ այդ ներդրումները դարձել են ամենախոշորը ամերիկյան մասնավոր ընկերության կողմից և ԱՄՆ-ի առաջին ներդրումը Հայաստանի էներգետիկ ոլորտում:
Նյու-Յորքում տեղակայված Contour Global Hydro Cascade 33 էներգետիկ կայան ունի Աֆրիկայի, Եվրոպայի, Լատինական և Հյուսիսային Ամերիկայի 17 երկրներում, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 3.500 մգվ: Ընկերությունը այլընտրանքային էներգետիկայի էլեկտրակայաններ ունի նաև Արևելյան Եվրոպայի երկրներում՝ Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում՝ 1.100 մգվ հզորությամբ: Ընկերությունում աշխատում է 1650 աշխատակից: