24.11.2024
Ադրբեջանական խնձորի գործով ՊԵԿ աշխատակիցներ են ձերբակալվել. նրանք կաշառք են վերցրել
prev Նախորդ նորություն

Նոր սահմանադրություն. Արցախում մեկնարկել են մասշտաբային օրենսդրական բարեփոխումներ

Մայիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ներկաներին, հայ ժողովրդին ու նրա բարեկամներին մայիսյան եռատոնի կապակցությամբ:


Այնուհետեւ, խորհրդարանի նախագահը նշել է, որ ԱԺ-ը սկսում է մի նոր գործընթաց, որը սահմանադրական պահանջ է եւ ուղղված է գործող օրենսդրությունն այս տարվա փետրվարի 20-ի հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելուն:


Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը քննարկել եւ առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքը: Նախագծի համահեղինակների հիմնավորմամբ՝ օրինագծով Ազգային ժողովի գործունեության կարգը համապատասխանեցվել է նոր Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված գործառույթներին ու լիազորություններին: Ըստ այդմ, փոխվել է կանոնակարգի կառուցվածքը, համապատասխանաբար գլուխները միավորվել են ինը բաժիններում:


Քննարկումից հետո համահեղինակները, սահմանված կարգով, պատգամավորներին առաջարկել են 14-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ եւ ցանկության դեպքում, միանալ համահեղինակներին ու մասնակցել նախագծի հետագա լրամշակման աշխատանքներին:


Նիստի երկրորդ հատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան հաշվետվությամբ հանդես է եկել Վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը:


Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը պատգամավորներին է ներկայացրել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ 2017 թվականի փետրվարի 20-ի հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման մասին հաղորդագրությունը:


Նիստը եզրափակվել է պատգամավորական հայտարարություններով, որին մասնակցել են պատգամավորներ Հայկ Խանումյանը եւ Արմեն Սարգսյանը: