24.11.2024
Նոր սահմանադրություն. Արցախում մեկնարկել են մասշտաբային օրենսդրական բարեփոխումներ
prev Նախորդ նորություն

ՀՀ առավել կրոնական եւ ռուսաստանամետ պետություններից է. հետազոտություն

Ֆոտո՝ Sputnik
Ֆոտո՝ Sputnik

Ամերիկյան Pew Research Center կազմակերպությունը հրապարակել է Արևելյան Եվրոպայում կրոնական և ազգային ինքնության վերաբերյալ հետազոտություն, ըստ որի հավատացյալների քանակով բացարձակ առաջատարը Վրաստանն է՝ 99%, երկրորդը ՀՀ-ն՝ 95%, հայտնում է PanARMENIAN.Net-ը:


ՀՀ բնակչության 2%-ն աթեիստ է, 1%-ը՝ կաթոլիկ, 1%-ից պակասը՝ մահմեդական, 7%-ը դժվարացել է պատասխանել կամ չի նշել իր կրոնական պատկանելիությունը: Ճնշող մեծամասնությունը՝ 89%-ը, «orthodox» կամ «ուղղափառ է» (այսպես են Արևմուտքում անվանում բոլոր արևելյան եկեղեցիները՝ Ռուս ուղղափառից մինչև սիրիական կամ Հայ առաքելական եկեղեցին, այսինքն՝ թիվը ներառում է հայերին, ռուսներին, հույներին, ասորիներին և այլ քրիստոնյա համայնքներին):


Հարցվածների 82%-ը համարել է, որ «օրթոդոքս» (տվյալ դեպքում՝ առաքելական քրիստոնյա) լինելը շատ կարևոր է «իսկական քաղաքացի» լինելու տեսանկյունից: Դա ռեկորդային ցուցանիշ է՝ երկրորդ տեղը զբաղեցրած Վրաստանում այս կերպ է մնածում հարցվածների 81%-ը: 62%-ը կարծում է, որ պետությունը գումար պետք է հատկացնի եկեղեցուն:


Ընդ որում, ամեն օր աղոթում է հայերի 45%-ը, իսկ շաբաթն առնվազն 1 անգամ եկեղեցի է այցելում հավատացյալների 9%-ը: Հայերի 84%-ը համարում է, որ հայկական մշակույթը գերազանցում է բոլոր այլ ազգերի մշակույթները: Այդ կերպ մտածող քաղաքացիների քանակով երկիրը երրորդն է Հունաստանից (89%) ու Վրաստանից (85%) հետո:


98%-ը բարոյապես անթույլատրելի է համարում միասեռականությունը, սակայն 18-35 տարեկանների 4%-ն ու 35-ից բարձր տարիք ունեցողների 3%-ը կողմ են միասեռ ամուսնությունները թույլատրելուն:


Հետազոտության հեղինակները նշում են, որ «օրթոդոքս» երկիրների բնակչությունն առավել հակված են մտածել, որ ուժեղ Ռուսաստանն անհրաժեշտ է Արևմուտքին հակակշռելու համար: ՀՀ-ում այդ կերպ է մտածում 83%-ը (երկրորդ ցուցանիշը ՌԴ-ից հետո): ՀՀ-ն բացարձակ առաջատար է ԽՍՀՄ փլուզվելու վերաբերյալ ափսոսանք հայտնող հարցվածների թվով (79%), 32%-ի համար միևնույն է՝ ժողովրդավար կլինի երկիրը, թե՝ ոչ, 53%-ը՝ կողմ է ժողովրդավարությանը, 13%-ը՝ դեմ: